Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն. Վրաստանի նախագահ

Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

«Վրաստանի իշխանությունները մտահոգված են մեր երկու եղբայրական պետությունների միջև ստեղծված իրադրությամբ: Ցանկանում եմ միանալ տարածաշրջանում իրադրության սրման թուլացմանն ուղղված կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Տարածաշրջանում կայունությունը բոլորին է պետք: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն»,- ասել է Մարգվելաշվիլին:

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների կոչ է արել:

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է։ Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել ռազմաճակատի տարբեր հատվածներում, ինչը բոլոր դեպքերում կասեցվել է: Սաստկացել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը ադրբեջանական կողմից:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր:

Մեկնաբանել