Օհանյանն ու Հեֆերնը դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները

Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:

Պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած համատեղ մամուլի հաղորդագրությունում նշված է, որ թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոր մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով: Դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել իրավիճակը բոլոր կողմերին:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը կտրուկ սրվել է: Հակառակորդի մի քանի դիվերսիաների արդյունքում, ըստ ԼՂ պաշտպանության բանակի, զոհվել է 25 ադրբեջանցի զինվորական, հայկական կողմը տվել է հինգ զոհ:

Մեկնաբանել