Առաջնագծում լարվածությունը թուլացել է. ԼՂՀ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնագծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում:

«Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկայնքով շարունակում վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը:

Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական:

Մեկնաբանել