Կոչ` ապահովել Իրաքի փախստականների պաշտպանությունը Հայաստանում

Հայաստանի եզդիների բողոքի ցույցը Երևանում, օգոստոս 14, 2014:

Մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ օգոստոսի 15-ին բաց նամակ են հղել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` կոչ անելով ապահովել փախստականների պաշտպանությունը ՀՀ տարածքում:

Նամակում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով, որ Իրաքի հյուսիսում իրականացվող զանգվածային ջարդերն ու տեղահանումները պահանջում են հրատապ արձագանք և ՀՀ բյուրոկրատական պահանջները կատարելու և սույն նամակը ձեռամբ ստորագրելու համար ժամանակը չկա, ուստի ներկայացնում ենք բաց նամակով, առաջնորդվելով Հայաստանի կողմից ստորագրված՝ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, ինչպես նաև «Փախստականների և ապաստանի մասին» և «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքներով, «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականների ազատ տեղաշարժի և բնակություն հաստատելու կարգի մասին» թիվ 524 և «Փախստականի վկայական տրամադրելու կարգի մասին» թիվ 594 կառավարության որոշումներով՝ պահանջում ենք անհապաղ ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանակետերում կամ այլ կերպ ՀՀ տարածքում հայտված իրաքյան փախստականների ժամանակավոր պաշտպանությունը, ինչպես պահանջվում է վերը նշված օրենսդրական ակտերով և կոնվենցիայով:

Հիշեցնում ենք, որ սահմանապահ զորքերը պարտավոր են «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սահմանակետերում գրանցել բանավոր կամ գրավոր ապաստանի խնդրանք ներկայացնող անձնանց և տեղեկացնել լիազոր մարմնի (Միգրացիոն պետական ծառայության) գտնվելու վայրի և այնտեղ փախստականի հայց ներկայացնելու մասին: Հիշեցնում ենք նաև, որ նույն օրենքի 3-րդ հոդվածում սահմանված դեպքում՝ այլ երկրներում խոշտանգումներից խուսափող անձանց զանգվածային ներհոսքի դեպքում հայցերի անհատական քննման ընթացակարգը չի գործում:

Հայաստան ժամանած և պաշտպանության կարիք ունեցող բոլոր անձինք վերը նշված օրենքներով և կոնվենցիայով օժտված են հետևյալ իրավունքներով, որոնց իրացման համար պահանջում ենք ապահովել բոլոր համապատասխան պայմանները.
• ցանկացած պահի դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ,

• ապաստանի դիմումի քննարկման ողջ ընթացքում հատուկ կացարանում բնակվելու, սնունդ, հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում՝ հագուստ և կոշիկ ստանալու իրավունք,

• Հայաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք,

• Հայաստան ապօրինի մուտք գործելու և Հայաստանում ապօրինի գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության չենթարկվելու իրավունք,

• անձնագիր կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում՝ փախստականի դիմում ներկայացնելու և ժամանակավոր պաշտպանություն շնորհվելու իրավունք,

• օրենքով սահմանված մնացած բոլոր դեպքերում՝ ՀՀ քաղաքացիներին և/կամ ՀՀ ու գտնվող օտարերկրացիներին հավասար իրավունքներ և պարտականույուններ:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև երկրում բնակվող եզդիական համայնքը պատրաստ է աջակցել պետությանը՝ Իրաքում եզդիների նկատմամբ տեղի ունեցող փաստացի ցեղասպանությունից փրկված անձանց կացարան տրամադրելու և այլ կերպ աջակցելու հարցում»:

Նամակի տակ ստորագրել են «Սինջար եզդիների ազգային միավորում», «Եզդիների ազգային կոմիտե», «Եզդիների ազգային միություն», «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունները, քաղաքացիներ Բորիս Թամոյանը, Նամադ Նամադյանը, Լենա Օսեյանը, Խանե Մահմուդյանը, Սաշիկ Սուլթանյանը, Աննա Շահնազարյանը, Գեորգ Քեհյանը, Մերի Խաչատրյանը, Գագիկ Ղազարյանը, Քրիստինե տեր-Աբրահամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Գոհար Սիմոնյանը, Տաթևիկ Դավթյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արտուշ Եղիազարյանը, Յուլիա Շահնազարովան, Անուշ Շախսուվարյանը, Համլետ Սմոյանը, Մամե Ամիրյանը, Բելլա Թամոյանը, Մուրազ Թամոյանը, Հասրաթ Մամոյանը, Սլավիկ Թամոյանը, Ռուզաննա Շավրեշյանը, Զառա Սմոյանը, Զոզան Մամոյանը, Զուզան Խուբոյանը, Նաթել Թամոյանը, Էդգար Սնջոյանը, Վլադիմիր Կալեյանը, Քյամալ Նամադյանը, Ռուստամ Բաքոյանը:

Ստորագրահավաքը շարունակվում է այս էջում:

Օգոստոսի 15-ին` ավելի վաղ, արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարություն էր տարածել, ըստ որի` ԱԳՆ-ն կիսում է Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը Իրաքում տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ:

Օգոստոսի 14-ին Հայաստանի եզդիները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև:

Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ որոշում է կայացրել Իրաքի եզդիներին 50 հազ․դոլարի օգնություն հատկացնելու մասին։

Իրաքի եզդիներին սպառնացող վտանգի մասին ՍիվիլՆեթը զրուցել է արևելագետ Վարդան Ոսկանյանի և «Սինջար» եզդիական ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազիի հետ։

Մեկնաբանել