Պուտինը, Օբաման, Օլանդը շնորհավորում են Հայաստանի անկախության տոնը

Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

ՌԴ նախագահ

Տոնի առթիվ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը :

Նրա ուղերձում մասնավորապես ասված է՝

«Բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային նմանությունների բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով: Փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում որակական նոր մակարդակի է բարձրանում եվրասիական ինտեգրացիոն նախագծում Ձեր երկրի ներգրավվման լույսի ներքո:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ կապերի ողջ համալիրի հետագա զարգացումը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում ջանքերի արդյունավետ կոորդինացիան: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,-ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ԱՄՆ նախագահ

Շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության և բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջև շփումները, մշակութային և տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են և ոգեշնչող: Մենք գնահատում և հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, և մենք առաջիկա բազում տարիների համար ևս ակնկալում ենք համագործակցության շարունակում և խորացում»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորկան ուղերձ է հղել:

«Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության և բարեկամության վրա: Ես հետամուտ եմ Ձեզ հետ միասին շարունակելու աշխատանքը` միտված մեր երկու երկրների միջև կապերի խորացմանը, ինչպես դա իրականացրել ենք վերջին երկու տարիների ընթացքում:

Այս տարվա մայիսին Երևան կատարած իմ պետական այցի ընթացքում հնարավորություն ունեցա նաև իրազեկ լինելու այն կարևոր բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է Ձեր երկիրը` ապահովելու համար իր զարգացումն ու արդիականացումը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի այս ձեռնարկի շարունակման գործում:

Ի վերջո ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին: Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Դիդիե Բուրկհալտերը, Իռլանդիայի Նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսը, Կորեայի Հանրապետության Նախագահ Փաք Գյոն Հեն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետրոն, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնստոնը:

Մեկնաբանել