ՀՀԿ-ն պատրաստ է մեռնել, սպանող չկա

Աշոտ Աղաբաբյանը (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի):

Հանրապետական կուսակցությունը, եկեք փաստենք, մահապարտների գունդ է: Այն իմաստով, որ պատրաստ են մեռնել, սակայն սպանող չկա։ Ինչ խոսում են, հնչում է մոտավորապես այնպես, ինչպես կռվի են դուրս գալիս։ Սակայն այստեղ էլ նրբություն կա. կռվի են դուրս եկել դատարկ փամփուշտներով։ Այսինքն, օդում են կրակում։

ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ակնարկում է, որ ընդդիմությունը ճոխություն է էս մի բուռ ազգի համար։ Ու բոլորիս կոչ է անում միասնական լինել։ «Թող աշխարհը զարմանա, որ էս հայկական պետության մեջ ընդդիմություն չկա, բոլորս իրար հետ ենք»,- երեկ ասել է գործարար պատգամավորը։ Համաձայն եմ, եթե սահմանադրական փոփոխությունները դրա մասին են, եթե ընդունում եք օրենք, որով օրենքից դուրս եք ճանաչում ամբողջ ընդդիմությունը։ Համաձայն եմ մի պայմանով՝ վերականգնեք գնդակահարությունը և մի պատի տակ շարեք բոլոր ընդդիմադիրներին, որոնց գործունեության երաշխավորը, ի դեպ, դուք չեք։ Ես համաձայն եմ՝ էս մի բուռ ազգին ընդդիմություն պետք չէ, բայց ո՞վ ասեց, որ ձեզ նման իշխանություն է պետք։ Եվ ինչո՞ւ ընդդիմություն չպետք է լինի հենց ձեր իշխանության օրոք։ Եթե դուք իշխանություն չունեք ընդդիմություն վերացնելու համար, ուրեմն առայժմ վայելեք այն, ինչ ունեք։ Որովհետև մենք հո գիտենք, թե դուք ինչ նկատի ունեք ընդդիմություն և իշխանություն ասելով։ Ընդդիմությունն այն մարդիկ են, որոնք իշխանությանը խանգարում են լինել անպատժելի, որոնք «լավ օրվա համար» դրվագ առ դրվագ արձանագրում են իշխանության հանցագործությունները։

Դուք ուզում եք, որ ձեզ խանգարող չլինի։ Ես համաձայն եմ, որ այս երկրում ընդդիմություն չլինի, եթե այդ ընդդիմությունը պետք է ավարտի ՕԵԿ-ի նման։ Բայց ես չեմ ուզում, որ լինի ՀՀԿ-ի նման «անավարտ» իշխանություն, որին արդեն 16 տարի ոչ մեկը չի կարողանում հեռացնել իր աթոռից։ Հարցն էլ հենց այն է, թե դո՛ւք, իշխանություննե՛րդ, ի՞նչ եք հասկանում ընդդիմություն ասելով։ Եթե նրա գործը ձեզ վերահսկելն է այն լծակներով, որոնք ունի, և ինչպես տեսնում եք, ըստ էության անպտուղ լծակներ են, ձեր ուզածն ի՞նչ է։

Դուք ինչու՞ եք ուզում, որ ամեն ինչ լինի ողորմածությամբ, ընդ որում ոչ թե ձեր ողորմածությամբ, այլ ընդդիմության։ Այսինքն, ընդդիմությունը ինքնաչեզոքացվի, ինչ է թե Սերժ Սարգսյանը Աշոտ Աղաբաբյանի նախագահն է։

Բայց մյուսների նախագահը չէ այդ մարդը։ Ինչպե՞ս վարվեն մյուսները։ Ինքնաչեզոքացվե՞ն։ Հասկացանք՝ արտագաղթում են, հասկացանք՝ ինքնասպանվում են, հասկացանք՝ մտնում են վարկերի տակ, հետո են ինքնասպանություն գործում, այսինքն, մահվան բոլոր հնարավոր ճանապարհներն անցնում են։ Հիմնականում ձեզ չեն էլ անհանգստացնում։ Նկատի ունեցեք, որ դա այն ժողովուրդն է, որը, ինչպես դուք եք վստահեցնում, ձեզ ընտրել է։ Նկատե՞լ եք, թե ինչու են մեռնում։ Որովհետև ընտրությունների են գնացել վերջին հույսով, իրենց վերջին հույսն են դրել ձեզ տրված քվեի մեջ։ Ընդդիմությանը ձայն տված ոչ մեկն ինքնասպան չի լինի, որովհետև ինքը գիտի, որ դուք երբեք թույլ չեք տա ընդդիմության հաղթանակը։

Դուք ե՞րբ եք հաղթել ազատ և օրինական ընտրությունների արդյունքում, որ մի հատ էլ ուզում եք, որ ընդդիմությունը միանա իշխանությանը։ Դա ի՞նչ նոր ցանկություն է ընդդիմությանը նույնպես դարձնել ոչ լեգիտիմ։ Պարզ է, չէ՞, որ Աշոտ Աղաբաբյանի ասածը հաճույքով կասեր Սերժ Սարգսյանը, պարզապես աղմուկն ավելի մեծ կլիներ։ Ղարաբաղի վարչապետն էլ է նույն բանը ասել մի քանի ամիս առաջ։ Ընդ որում, փաստել է, ոչ թե ցանկություն է հայտնել։ Փաստել է, որ Ղարաբաղում ընդդիմություն չկա։ Ես սա չեմ հասկանում, բայց հարևան պետություն է, ընդունում եմ ի գիտություն։ Ահա թե ում օրինակով է վարակվել վերջերս Ղարաբաղում եղած Աշոտ Աղաբաբյանը։

Հասկանու՞մ եք՝ ՀՀԿ-ական պատգամավորը պետական ինստիտուտներից չի խոսում, չի ասում, որ առանց ընդդիմության իշխանություն լինում է միայն Հյուսիսային Կորեայում, չի ասում, որ Հայաստանը չունի ամբողջ աշխարհի զվարճանքը լինելու բավարար ռեսուրս, որ ամբողջ ՀՀԿ խմբակցությունն իր արբանյակներով բավարար չեն, որպեսզի աշխարհը ծիծաղի մեզ վրա։ Ասում է՝ թող ընդդիմությունը միանա իշխանությանը։ Իսկ եթե միանա, ի՞նչ եք անելու, չեղյա՞լ եք համարելու բոլոր ընտրությունները։ Թե՞ ընտրությունները թողնելու եք, ցուցակներում էլ գրեք՝ Լեոնիդ Բրեժնև, Կոնստանտին Չեռնենկո և Կիմ Չեն Ըն։

Ես սրան էլ եմ համաձայն, համաձայն եմ, որ Հայաստանը դառնա աշխարհի զվարճանքի առարկան, բայց դրանից հետո ի՞նչ սրտով եմ ես մտածելու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման մասին, ի՞նչ սրտով եմ մտածելու արտագաղթածներին վերադարձնելու մասին։ Ի վերջո, ձեր պատճառով մեռածներին ես ինչպե՞ս եմ հարություն տալու։ Նրանք մեռել են, որովհետև տեսել են, որ դուք իշխանություն եք, բայց ինստիտուցիոնալ ոչինչ չկա ձեր կառավարման մեջ, նրանք ուր գնացել են, տեսել են Տարոն Մարգարյանին, Սամվել Ալեքսանյանին, Սուրիկ Խաչատրյանին։

Հասկանու՞մ եք, նրանք կյանքի ինստիտուցիոնալ դրվածքն են կորցրել ձեր իշխանության օրոք, չեն կարողացել հուսալ, որ եթե ձեզ մոտ չի ստացվում, ձեզ կարելի է փոխել։ Նրանք տեսել են գեղական կարգով դրսևորվող մի իշխանություն, որտեղ քաղաքացին իր խնդիրներով անելիք չունի, որովհետև ո՞վ ասաց, որ ձեր օրոք այս պետությունը քաղաքացու մասին է։ Իսկ դուք դեռ մի բան էլ ընդդիմությանը կոչ եք անում միանալ իշխանությանը։ Բա դրանից հետո ո՞վ է ընդհանրապես ասելու մի բան, որին ինքներս որոշենք՝ համաձայնել, թե չհամաձայնել։

Իսկ ի՞նչը նկատի ունեի, երբ ասում էի, որ Հանրապետական կուսակցությունը մահապարտների գունդ է։ Հենց դա նկատի ունեի՝ դուք իշխանությունը վայելում եք ոչ անգրագետ շեյխի զգացողությամբ։ Դուք ավելի շուտ անում եք մի բան, որ այս ժողովուրդը պարզապես մի օր թքի և ընդդիմության և ժողովրդի վրա ու ինքնուրույն, գեղական կարգով ձեր հարցերը լուծի։

Մեկնաբանել