Պատգամավորները կուտակայինի հարցով կրկին դիմեցին ՍԴ

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հոկտեմբերի 3-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում են ներկայացրել Սահամանադրական դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ իր էջում տեղադրելով նաև դիմումը ու կից փաստաթղթերը՝ 500 էջ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը, մայիսի 15-ին Ազգային ժողովում ընդունվել էր երկրորդ ընթերցմամբ` ձայների 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մայիսի 13-ին: Նախագահը օրենքը ստորագրել էր մայիսի 26-ին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով նախատեսում է հետևյալը՝

1) գործատուն ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտականությունից, եթե մասնակիցը գործատուին է ներկայացնում համապատասխան դիմում,

2) Վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների համար (անունից) կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը (գործատուն, հարկային գործակալը) ազատվում է օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից,

3) պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները Օրենքով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում անկախ մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու հանգամանքից, եթե գործատուն կատարում է եկամտային հարկի պարտավորությունը և ներկայացնում է համապատասխան անձնավորված հաշվարկը (պետությունը կատարում է իր պարտավորությունը` անկախ մասնակցի կողմից կուտակային վճար կատարելու հանգամանքից):

Կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի ընդունած մոտեցումների համաձայն` 2014թ.հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ԲՀԿ, Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, «Ժառանգություն»՝ քառյակը, հունիսի 10-ին խորհրդարանում ներկայացրել էր իր համատեղ հայտարարությունը, որը ներառում էր 12 առաջնահերթ պահանջ` ուղղված իշխանություններին: Առաջին պահանջը վերաբերում էր պարտադիր կուտակային համակարգին, այն է` «Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման և կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով»:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով 2013թ. դեկտեմբերի 17-ին կրկին իմել էին Սահմանադրական դատարան:

Մեկնաբանել