Բոլոր խնդիրները լուծելի են առանց Սահմանադրությունը փոխելու

«Բոլոր խնդիրները լուծելի են առանց Սահմանադրությունը փոխելու, բայց ընտրական համակարգի միջոցով։ Իսկ դրա համար շատ բան կարելի է չանել, նույնիսկ «Ընտրական օրենսգիրքը» չպետք է փոխել. ընտությունները չպետք է հարմարեցվեն որոշակի սահմանների։ Համենայնդեպս, այսօր չկա քաղաքական ճգնաժամ». այս տեսակաետը հայտնեց իրավաբան Տիգրան Եգորյանը հոկտեմբերի 10-ին Սահմանադրության փոփոխությունների դեմ ձևավորված «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած համաժողովին։

Եգորյանն ընդգծեց, որ լեգիտիմ իշխանության բացակայության պայմաններում կառավարման որևէ մոդելի արդյունավետության քննարկումն անիմաստ է։ Նրա խոսքով՝ կարևոր է կառավարման մոդելի փոփոխության ժամանակահատվածը։ «Չունենալով զարգացած կուսակցական համակարգ և մրցակցային քաղաքական դաշտ, անցումը խորհրդարանական համակարգին ավելի քան վտանգավոր է և սպառնում է ժողովրդավարության ամբողջական հետընթացով»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ Հայատանում ժողովրդավարության զարգացման համար անհրաժեշտ է պահպանել երկու առաջնային մանդատով օժտված ինստիտուտները՝ նախագահի ինստիտուտը և Ազգային ժողովը, և իրական ընտրությունների միջոցով հասնել այդ ինստիտուտների կայացմանն ու միմյանց հակակշռելու մեղանիզմների իրացմանը։

Քննարկման մեկ այլ բանախոս՝ APR Group հետազոտական կազմակերպության նախագահ Ռուբեն Սարգսյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ ներկայում չկա։ Նա վկայակոչեց APR Group-ի վերջերս անցկացված որակական և քանակական հետազոտությունը, որն անցկացվել է Հայաստանի 1300 բնակիչների և 36 փորձագետների շրջանում։Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններին բոլորովին չի վստահում Հայաստանի բնակչության 48%–ը, լիովին վստահում է 3%–ը, իսկ հարցվածների 60%-ն կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների կարիքառհասարակ չկա։ Հետազոտության համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունից կշահի միայն դրա նախաձեռնողը:

«Ապելլա ինստիտուտ» վերլուծական կազմակերպության Սահմանադրական իրազեկման ծրագրի համակարգող Հովհաննես Գալստյանն էլ պնդում է, թե իշխանությունների կողմից պատվիրված Սահմանադրության փոփոխությունների նախագծից պարզ է դառնում, որ այն կյանքի կոչելով, իշխանությունը կրկնակի հեշտացնում է իր վերարտադրման հավանականությունը։

Մեկնաբանել