Ով իրավունք ունի հարց տալու Սերժ Սարգսյանին

Serzh SargsyanՖեյսբուքում բացվել է «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խումբը, որը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին հեռուստաեթերը մաքրելու պահանջով։ Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն ինձ ավելացրել էր այդ խմբում, որպեսզի իմ՝ որպես ՀՀ քաղաքացու՝ եթերը մաքրելու պահանջը պատվիրակվի Սերժ Սարգսյանին՝ որպես երկրի առաջին դեմքի՝ նախագահի։

Ընկերոջս խնդրեցի ինձ հեռացնել խմբից, քանի որ ես Սերժ Սարգսյանից որևէ ակնկալիք չունեմ։ Նա իմ նախագահը չէ, ոչ միայն, որ ես նրան չեմ ընտրել, այլ նախ որ նրան ժողովուրդը չի ընտրել։ Կայացած ժողովրդավարություն ունեցող երկրներում բնական է, որ լինի բնակչության որոշ խումբ, որը չի ընտրում իր կառավարությանը կամ նախագահին, սակայն մեծամասնության կողմից ընտրված նախագահը կամ կառավարությունն ունեն հանրային պահանջները լսելու և բարձրացված խնդիրներին լուծում տալու լեգիտիմություն։ Այս դեպքում անգամ այդ իշխանությանը չընտրած մարդը կարող է և դիմում է նրանց՝ այս կամ այն խնդրին լուծում տալու պահանջով։

Հայաստանի դեպքում պատկերն այլ է․ տեսականորեն, եթե անգամ ընդունենք, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ, ընտրված նախագահ է, ապա, միայն վերջին կադրային քաղաքականությունը՝ կրկնահանցագործ Սուրիկ Խաչատրյանին պատժելու փոխարեն նորից Սյունիքի մարզպետ նշանակելը, վերացնում է նրա լեգիտիմ լինելու բոլոր ենթադրություններն ու տեսությունները։

Ես վերը նշված խմբի ներսում Սերժ Սարգսյանից որևէ պահանջ չունեմ, որևէ հարցի լուծում չեմ ակնկալում, ոչ որովհետև չեմ հավատում հարցի կարևորությանը, այլ որովհետև կարծում եմ, որ երկրում առկա խնդիրների ստեղծման միակ պատճառը հենց Սերժ Սարգսյանի նախագահ լինելն է։ Պաշտոնավարման այս երկար ու ձիգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը որևէ անգամ չփորձեց հանդիպել լրագրողների և չհամարձակվեց պատասխանել այն ենթադրյալ հարցերին, որոնք չէին գրվի իր մամուլի պատասխանատուների կողմից ու չէին հրամցվի որպես անկախ լրատվամիջոցի հարց։ Սերժ Սարգսյանը որևէ անգամ և ոչ մի կնճռոտ հարցի դեպքում ուղերձով հանդես չեկավ, որևէ անգամ չդիմեց իր ենթադրյալ ընտրողներին՝ երկրի համար կարևոր փոփոխությունները՝ կենսաթոշակային կուտակային հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնում կամ դրանց վավերացումը գրողի ծոցը ուղարկելու իր պատրաստակամությունը կամ ԵՄ-ից ՄՄ անցնելու իր որոշումը պարզաբանելու համար։ Իսկ պարտավոր էր, պարտավորված էր Սահմանադրությամբ ու օրենքներով։

Ես՝ որպես լրագրող, Սերժ Սարգսյանին հարց չունեմ տալու, ինձ համար, որպես լրագրողի երկրում առկա խնդիրների լուծման ինստիտուտը նախագահական չէ, նախագահի աթոռը զբաղեցնողը չէ, սակայն դարձյալ որպես լրագրողի՝ պարզ է, որ երկրում գործող և ոլորտային պատասխանատվության ինստիտուտների այլասերման ու դեգրադացման ճանապարհով ընթացող Սերժ Սարգսյանը մնացել է միակ ֆիգուրը, որի կամոք լուծվում կամ չեն լուծվում հարցերը Հայաստանում։ Սերժ Սարգսյանն իր վեց տարիների նախագահությամբ և իր իրականացրած քաղաքականությամբ սահմանափակել է հարցեր տալու և լուծումներ լսելու իմ հնարարավորությունը։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում միակ մարմինը, որի հարցերին պետք է պատասխանի Սերժ Սարգսյանը լրագրող չէ․ Սարգսյանին հարցեր տալու և պատասխաններ լսելու պարտականությունը 2008-ից պատկանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, իսկ վայրը, որտեղ պետք է հնչեն այդ հարցերը՝ դատարանը։

Արփի Մախսուդյան

Մեկնաբանել