Քոբանին վերածվում է պատերազմի, որ մղում է Թուրքիան

Smoke rises from the Syrian town of Kobani, Turkish army tanks take position on the Turkish side of the border, as seen from near the Mursitpinar border crossing on the Turkish-Syrian border in Sanliurfa provinceAl-Monitor-ում լույս է տեսել սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինի հոդվածը՝ «Քոբանին վերածվում է պատերազմի, որ մղում է Թուրքիան» վերնագրով: Հեղինակը զրուցել է Սիրիայի քրդական զինուժի ներկայացուցիչների հետ, որոնք պատմել են, թե որոնք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմավարական նպատակները և որքան է քրդերի շարքերում մարտնչող կանանց թիվը: Թաշթեքինը գալիս է եզրահանգման, որ սիրիական հակամարտության տարբեր ուժերի հետ Թուրքիայի ունեցած մութ հարաբերությունների հետևանքով այն, ինչ այսօր տեղի է ունենում Քոբանիում, վերածվում է պատերազմի հենց Թուրքիայի համար: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Մինչ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նախապայմաններ է դնում «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջ՝ Քոբանիում քրդերին օգնելու համար, սիրիական սահմանամերձ այդ քաղաքի համար պայքարը վերածվել է պատերազմի, որ վարում է Թուրքիան:

Շարունակաբար Թուրքիա են ուղարկվում քուրդ այն երիտասարդների դագաղները, որոնք Սիրիա էին անցել YPG-ին (Սիրիայի քրդական զինուժ – ՍիվիլՆեթ) միանալու համար, միևնույն ժամանակ, կարծես, փոխվում է հակամարտության բնույթը:

Նրանք, ովքեր սահմաններ չեն ճանաչում

Իսկ ինչպիսի՞ն է տրամադրությունը սահմանի այն կողմում: Ջազիրա կանտոնի ամենահայտնի քաղաք Քամիշլիում՝ որպես պաշտպանության նախարարություն օգտագործվող շենքում, հանդիպեցի YPG-ի խոսնակ Ռեդուր Հելիլին: Նա ասաց, որ հյուսիսից (անվանում է Բաքուր, Թուրքիա) եկող քրդերի թիվն ավելանում է, և նրանք Թուրքիայի հանդեպ թշնամանք չեն տածում:

Թուրքիան որպես Քոբանիում քրդերին օգնելու նախապայման նրանցից պահանջելով, որ վերջ դնեն իրենց ինքնավարությանն ու անցնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ կռվող ընդդիմադիր այլ խմբերի կողմը, թվում է՝ «Իսլամական պետության» (IS, նախկին ISIS – ՍիվիլՆեթ) հետ նույն դիրքերից է հանդես գալիս:

IS-ն անշուշտ ունի հարձակվելու իր պատճառները: Al-Monitor-ի հետ զրույցում Հելիլը ներկայացրեց այդ պատճառները. Քոբանին կապում է Աֆրինի և Ջազիրայի կանտոնները: Քոբանին գտնվում է IS-ի վերահսկողության տակ գտնվող Ջերաբլուսի և Թել Աբյադի միջև. IS-ը, նվաճելով Քոբանին, ցանկանում է կապել այդ երկու կենտրոնները: Բացի այդ՝ Քոբանիում կա Թուրքիա տանող անցակետ, որին նույնպես ձգտում է «Իսլամական պետությունը»: Սրանք են ռազմավարական նպատակները: Կան նաև ոչ նյութական դրդապատճառներ. Քոբանին առաջին քաղաքն էր, որն ազատագրվել էր վարչակարգից 2012թ. հուլիսի 19-ին: Ավելին՝ խմբավորումը Ջազիրայում մեծ պարտություն էր կրել և ցանկանում է վրեժ լուծել:

Քրդերը երաշխավորում են, որ Ռոժավայից Թուրքիայի վրա հարձակում չի լինի

Երբ զրույցը հասավ պնդումներին, թե Թուրքիան օգնում է IS-ին, Հելիլը հանեց խմբավորման սպանված մարտիկների նույնականացման քարտերը, թուրքական զինվորական նույնականացման մի քարտ և արտասահմանյան անձնագրեր, որոնք կնքվել են թուրքական անցակետում: Նա ասաց. «Մենք քննադատում ենք Թուրքիային, որովհետև ակնկալիքներ ունենք նրանից: Նրա հետ երկար սահման ունենք: Ռոժավայում Թուրքիային ընկալում ենք որպես բարեկամի, սակայն տեսնում ենք, որ բոլոր ահաբեկիչները գալիս են Թուրքիայի տարածքով: Օտարերկրացի ահաբեկիչների անձնագրերում տեսնում ենք մուտքի վիզաներ, որոնք կնքվել են Անկարայի և Ստամբուլի օդանավակայաններում»:

Մի կողմ թողնելով IS-ին ցուցաբերվող աջակցությունը՝ մենք անգամ չենք ցանկանում, որ Թուրքիան չեզոք մնա: Նա պետք է մեր կողքին լինի: Մենք Թուրքիայի և PKK-ի միջև խնդիրների մաս չենք կազմում: Դա Թուրքիայի ներքին խնդիրն է: Մենք երաշխավորում ենք, որ Ռոժավայից Թուրքիայի վրա երբեք հարձակում չի լինի, սակայն Թուրքիան իր հիվանդանոցներում բուժում է «Իսլամական պետության» վիրավորներին, նրանց առաջ բացում է իր դարպասները՝ մարդասիրական օգնության քողի տակ: Մենք անգամ չենք կարող մեր վիրավորներին տանել Թուրքիա կամ տանում ենք՝ շատ դժվար: Ծառայությունները, որ պետք է մեզ տրամադրվեին, տրամադրվում են IS-ին»:

Քուրդ կանայք՝ YPJ-ում

Հելիլի հետ մեր զրույցից հետո ես հանդիպեցի պաշտպանության նախարարի տեղակալ Գալիե Նիմեթին: Ես նրան հարցրեցի YPG-ի կանանց թևի՝ YPJ-ի և Թուրքիայից եկող կին մարտիկների մասին: Նա ասաց, որ քուրդ կանայք նույնքան ներգրավված են պաշտպանության հետ կապված հարցերում, որքան սոցիալական ծառայությունների ոլորտում:

«Բոլոր երեք կանտոններում կանանց համար վարժեցման ճամբարներ ենք ստեղծել. կանայք բոլոր ճակատներում են ակտիվ,- ասաց նա: – Ռոժավայի հեղափոխությունից առաջ մենք կանանց վարժեցնում էինք փոքր խմբերով: Կին մարտիկների ճնշող մեծամասնությունը քուրդ էին: Շատ քիչ արաբ կանայք են մեզ միացել այն վայրերից, որոնք ազատագրվել էին «Իսլամական պետությունից»»:

Նիմեթին հիշեցրի այն լեգենդների մասին, թե IS-ի զինյալները վախենում են առերեսվել կին մարտիկների հետ:

Նա պատասխանեց. «Դա առասպել չէ, այլ իրականություն: Ես անձամբ եմ հանդիպել IS-ի զինյալների: Կին մարտիկները նրանց վրա հոգեբանորեն ազդում են: Նրանք հավատում են, որ դրախտ չեն ընկնի, եթե սպանվեն կնոջ ձեռքով: Այդ պատճառով փախուստի են դիմում, երբ կանանց են տեսնում»:

Ամփոփելով՝ նշեմ, որ «Իսլամական պետության» շարքերում կան Թուրքիայի քաղաքացիներ, այդուհանդերձ, ավելանում է կանանց և տղամարդկանց թիվը, որոնք Թուրքիայից գնում-միանում են YPG-ին և YPJ-ին: Հաշվի առնելով Թուրքիայի կառավարության՝ սիրիական ճգնաժամի տարբեր դերակատարների հետ ունեցած մութ հարաբերությունները՝ դժվար չէ տեսնել, որ այս պատերազմը մեծապես վերածվում է Թուրքիայի պատերազմի:

Մեկնաբանել