Նոր միջնորդություն` Վարդան Պետրոսյանի գործում

unnamedԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 7-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:

Նիստին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը վթարի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդություն ներկայացրեց: Ըստ Բաղդասարյանի` զննության կազմմանը մասնակցած մասնագետը և փորձագետը չեն ունեցել անհրաժեշտ որակավորում։ Տուժող կողմը ժամանակ խնդրեց իր տեսակետը ներկայացնելու համար: Պաշտպանական կողմի համաձայն` այս միջնորդության բավարարման դեպքում Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի:

Դատական հաջորդ երեք նիստերը նշանակվեցին նոյեմբերի 19-ին և 20-ին` ժամը 15:00-ին, և նոյեմբերի 21-ին` ժամը 14:00-ին:

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Դատական նիստի ամբողջական լուսաբանմանը կարող եք ծանոթանալ ավելի ուշ` ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութում:

Մեկնաբանել