Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը. Նալբանդյան

NalbandyanԱրտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրում էր «իր գրավյալ տարածքներում» ռազմական ներկայությունը մեծացնելու մեջ:

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «Հայաստանն անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և հրաժարվելով դուրս բերել զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից՝ ցուցադրաբար խախտում է միջազգային իրավունքն ու հրադրադրի ռեժիմը, շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը նշված տարածքներում և անցկացնում է լայնածավալ զորավարժություններ»:

«Այդ հայտարարությունը իրավիճակի, փաստերի և փաստաթղթերի ակնհայտ խեղաթյուրման հերթական դրսևորում է:

Ադրբեջանի արտգործնախարարությունը կրկին անգամ փորձում է կեղծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի էությունը` դիտավորյալ բաց թողնելով դրա հստակ պահանջը` «անմիջապես դադարեցնել բոլոր թշնամական գործողությունները»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բոլոր չորս բանաձևերի առաջնային և անվերապահ պահանջն էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը։ Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջը չկատարելու հետևանքով անհնարին դարձավ դրանց իրականացումը: Եվ առնվազն զավեշտալի է, որ Ադրբեջանը հղում է կատարում այն բանաձևերին, որոնց կատարումը հենց ինքն է տապալել:

Հարկ է վերստին հիշեցնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից և ոչ մեկը Հայաստանը չի մատնանշում որպես հակամարտության կողմ: Հայաստանին միայն կոչ է արվում «շարունակել օգտագործել իր ազդեցությունը» Արցախի վրա, և Արցախը ակնհայտորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ, ինչն Ադրբեջանը շարունակաբար փորձում է անտեսել:

Ադրբեջանը մերժել է Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջի կատարումը՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ կապերի վերականգնման վերաբերյալ։

Ավելին, Անվտանգության խորհրդի բանաձևերը կոչ էին անում ձեռնպահ մնալ հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործողություններից և ջանքեր ներդնել` Մինսկի խմբի շրջանակներում հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ: Ի՞նչ արեց Ադրբեջանը։ Լրիվ հակառակը. յուրաքանչյուր բանաձևից հետո ծավալեց նոր լայնածավալ ռազմական գործողություններ։

Բաքուն նորանոր սադրանքների գնաց` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Նույնը անում է այսօր։

Ակնհայտ է, որ հենց Ադրբեջանի իշխանություններն են, որ բազմիցս ոտնահարել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջը` միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների խախտումից զերծ մնալու վերաբերյալ, ինչին ականատես ենք նաև այսօր՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցով:

Ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման սադրիչ քայլով Ադրբեջանը կոպտորեն խախտել է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները, այլև` 1994թ. հրադադարի հաստատման և 1995թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը` զինադադարի ամրապնդման վերաբերյալ։

Փոխվստահության ամրապնդման միջազգային պարտավորությունների համաձայն` Հայաստանը և Արցախը ԵԱՀԿ խողովակներով ու լրատվամիջոցներով տեղեկացրել են նախապես ծրագրված միասնական զորավարժություններ անցկացնելու իրենց մտադրության մասին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը վերջին ամիսներին անցկացրել է մի շարք զորավարժություններ, այդ թվում` շփման գծի մոտակայքում, ինչի մասին երբեք նախապես պատշաճ չի տեղեկացրել։

Առերեսվելով միջազգային կառույցների արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է փուչ մեղադրանքներով քողարկել իր փաստարկների բացակայությունը։

Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հայտարարությանը իր արձագանքով։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր առավել խորանում է անդունդը` քաղաքակիրթ աշխարհի և այդ երկրի միջև»,- ասել է Նալբանդյանը` պատասխանելով News.am-ի հարցին:

Ակնարկ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը խոցել են ղարաբաղյան ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող երեք հայ զինվորականները։

Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել էին, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով հանդես գալ միջնորդի դերում` խփված ուղղաթիռի երեք օդաչուների մարմինները հայկական կողմին հանձնելու հարցում։ Ադրբեջանի ՊՆ-ն էլ նոյեմբերի 18-ին հայտարարել էր, թե «թույլ կտա խոցված ուղղաթիռի հայ օդաչուների դիերը վերցնել, եթե հարկ համարի»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 19-ին հանդես են եկել հայտարարությամբ` Ադրբեջանին կոչ անելով թույլատրել դուրս բերել զոհերի մարմինները։

Մեկնաբանել