Եվրահանձակատարը խոսում է «Ադրբեջանում աննախադեպ բռնաճնշումների» մասին

Եվրահանձնակատարը Բաքվին կոչ է անում անմիջապես դադարեցնել բռնաճնշումներն իրավապաշտպանների նկատմամբ: Եվրահանձնակատարը Բաքվին կոչ է անում անմիջապես դադարեցնել բռնաճնշումներն իրավապաշտպանների նկատմամբ:

Եվրոպայի խորհրդի` մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն իր ամենաբարդ առաքելություններից մեկը համարում է 2014թ. հոկտեմբերին Ադրբեջան կատարած այցը: Այս մասին եվրահանձնակատարը նոյեմբերի 24-ին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Վերջերս եմ վերադարձել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում երկուսուկես տարվա իմ ամենաբարդ առաքելություններից մեկից: Հոկտեմբերի վերջին ես Ադրբեջանում էի, Հարավային Կովկասի` նավթով հարուստ այս երկրում, որն ավարտեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում 47-րդ նախագահությունը: Կազմակերպությունը նախագահող երկրների մեծ մասը, որոնք հպարտանում են որպես Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության երաշխավոր, օգտագործում են նախագահության այս ժամանակը` քարոզելու իրենց ժողովրդավարական լիազորությունները: Ադրբեջանը պատմության մեջ կմնա որպես երկիր, որն իր նախագահության ընթացքում աննախադեպ ճնշումներ է թույլ տվել իրավապաշտպանների նկատմամբ»,- գրում է Մուժնիեկսը:

Եվրահանձնակատարը հավելում է, որ իր բոլոր գործընկեր իրավապաշտպանները ներկայում Ադրբեջանի բանտերում են:

«Սրտի ցավով այցելեցի Լեյլա Յունուսին` Ադրբեջանի ամենահայտնի իրավապաշտպանին` Եվրոպական խորհրդարանի շնորհած Սախարովի անվան երեք մրացանակակիրներից մեկին: Մեր մեկուկեսժամանոց զրույցի ընթացքում նա լալիս էր` տառապելով շաքարախտից, հեպատիտ Ց-ից և երիկամների խնդրից»,- գրում է Մուժնիեկսը` հավելելով, որ Ադրբեջանից իր հեռանալու օրը Յունուսի կալանքը երկարացվել էր 4 ամսով:

Այնուհետ եվրահանձնակատարը ներկայացնում է փաստաբան Ինտիգամ Ալիևի, Անար Մամեդլիի և Ռասուլ Ջաֆարովի հետ հանդիպումները:

Նա գրում է, որ այն ժամանակ, երբ իր գործընկերներից շատերը բանտերում են, մյուսները հարկադրված են դադարեցնել իրենց իրավապաշտպան գործունեությունը, լքել երկիրը կամ թաքնվել, ինչպես Էմին Հուսեյնովը:

«Ցավալի էր բանտերում տեսնել Եվրոպայի խորհրդի հիմնական գործընկերներին: Այս ամենը խոչընդոտում է Եվրոպայի խորհրդի` Ադրբեջանի հետ բնականոն համագործակցությունը: Այս բռնաճնշումները պետք է անմիջապես դադարեցվեն»,- ամփոփում է գրառումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան ընկերությունը ներկայում Ադրբեջանում 19 «խղճի բանտարկյալ» է հաշվում, որոնք անազատության մեջ են գտնվում իրենց հայացքների ազատ արտահայտման համար:

Մեկնաբանել