Հերոսների և հերոսության թեման

Սերժ Սարգսյանն ասում էր, չէ՞՝ եթե պետք լինի, Սուրիկ Խաչատրյանը կյանքը կտա հանուն հայրենիքի: Չկա նման բան: Սուրիկ Խաչատրյանը կյանքը չի տա հանուն Հայրենիքի, ընդ որում չի տա լրիվ օբյեկտիվ պատճառներով՝ նա չգիտի, թե դա ինչ է: Սերժ Սարգսյանն ասում էր, չէ՞՝ եթե պետք լինի, Սուրիկ Խաչատրյանը կյանքը կտա հանուն հայրենիքի: Չկա նման բան: Սուրիկ Խաչատրյանը կյանքը չի տա հանուն Հայրենիքի, ընդ որում չի տա լրիվ օբյեկտիվ պատճառներով՝ նա չգիտի, թե դա ինչ է:

Մենք, ըստ երևույթին, վատ գիտենք, թե ինչ է հերոսությունը: Որովհետև ընդհանրապես չգիտենք: Որևէ մեկին հերոս որակելով, մենք ընդամենը ինքներս մեզ քաջալերելու միջոցներ ենք գտնում: Ավելի ճիշտ, ոչ թե՝ մենք, այլ նրանք, որոնք մեզանով են, այսինքն, աշխարհիկ իշխանությունները և հոգևոր առաջնորդները: Եկեղեցին նման վիճակների համար հորինել է սրբերին, պետությունը՝ հերոսներին: Եկեղեցին, եթե նկատել եք, կրկին սրբեր է փնտրում: Պետությունն ավելի ճիշտ, իշխանությունն այդ իմաստով կարգին առաջացել է: Չկարողանալով իմաստավորվել խաղաղության հերոսներով, նա հորինում է ոչ խաղաղության-ոչ պատերազմի հերոսներին: Խաղաղության հերոսներն այս երկրում սովորաբար լինում են վիրտուալ, ասենք, սերիալներից, հումորային ծրագրերից կամ գեղարվեստական կինոներից արտածված: Կամ՝ իրական կյանքից սերիալներ, հումորային ծրագրեր կամ գեղարվեստական կինոնկարներ խցկված:

Բոլոր կազմակերպված կառույցներին անհրաժեշտ են հերոսներ և թշնամիներ: Նույնիսկ հիմնարկներն ընտրում են ամսվա լավագույն աշխատողին: Խանութները՝ լավագույն վաճառողներին: Որպեսզի մյուսներն իմանան, թե հանուն ինչի պետք է «ինքնազոհաբերվեն»: Որպեսզի պատվախնդիր լինեն: Պատվախնդրությունը բռնապետական և այդպիսին լինելու պոտենցիալ ունեցող երկրների գաղափարական ասելիքն է: Աշխարհում չկա մի երկիր, որը բռնապետական լինելու պոտենցիալ չունի: Բոլորն ունեն: Հետևաբար, պատվախնդրությունը իշխանության հացն է, որը նա բաժանում է ապրելու «ծարավ» ունեցողներին, այսինքն, նրանց, որոնք ամեն գնով կապրեն: 37-ին այդպիսինները կային, որոնք անկեղծորեն կարծում էին, թե ընկերոջը զրպարտելով մեծ ծառայություն են մատուցում պետությանը: Ի՞նչ կապ ունի պետությունը: Սա է հարցը: Ծառայությունը միշտ մատուցում են կոնկրետ մարդուն: Եվ մեռնում են միշտ կոնկրետ մարդու համար: Եվ սա ավելի ազնիվ է: Անազնվությունը սկսվում է «հանուն Հայրենիքի» բառերից:

Սերժ Սարգսյանն ասում էր, չէ՞՝ եթե պետք լինի, Սուրիկ Խաչատրյանը կյանքը կտա հանուն հայրենիքի: Չկա նման բան: Սուրիկ Խաչատրյանը կյանքը չի տա հանուն Հայրենիքի, ընդ որում չի տա լրիվ օբյեկտիվ պատճառներով՝ նա չգիտի, թե դա ինչ է: Ավելին, պարտավոր էլ չէ իմանալ: Նրան դրա համար չեն բերել պետական կառավարման համակարգ: Սուրիկ Խաչատրյանը կարող է (եթե, իհարկե, կարող է) մեռնել միայն հանուն Սերժ Սարգսյանի: Հայրենիքն այստեղ կապ չունի: Ընդ որում, հանուն Սերժ Սարգսյանի մեռնել, նշանակում է, ընկնել «թշնամու գնդակից», կամ մեռնել հենց «թշնամու» ձեռքը չընկնելու համար: Մեռնելն էլ նրա դեպքում, գիտեք, Հայաստանից թռնելն է, այսինքն, այնտեղից, որտեղ ինքը հանցագործ է եղել հանուն Սերժ Սարգսյանի: Այս դեպքում, Սուրիկ Խաչատրյանի թշնամին, իհարկե, ընդդիմությունն է: Ինչպես մարտի 1-ի զոհերն էին այս պետության թշնամին:

Միայն հերոսներով պետության ինքնակազմակերպումն ամբողջական չի լինի: Այսինքն, եթե պետությունը թույլ պետականություն է ունենում, ինքը պետք է «փոխհատուցման» ճանապարհներ գտնի: Եթե պետությունը առաջանում է ոչ թե ինստիտուտներով, այլ «հասկացողություններով» (պանյատկեքով), ինքն անկասկած, հերոսներ է ուզում: Եվ՝ թշնամիներ: Եթե ինստիտուտներ չկան, պետք է լինեն սյուժեներ: Որոնք նվազագույնը մեզ շեղում են իշխանության հանցագործ կերպարից, կամ առավելագույնը պատմում այն մասին, որ առանց իշխանության տվյալ զոհը հերոս չէր լինի:

Հիշում եք, չէ՞, հայտնի խոսքը՝ ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին: Եթե դու պարզապես ՀՀ քաղաքացի ես, որը դիմադրում է մի կյանքի, որով ուրիշները մեռնում են, դու հերոս չես: Եթե քո ինքնապահպանման համար գնում ես Թուրքիա, անկասկած, մի քիչ դավաճան ես: Եթե, ընդհանրապես, չես ուզում Հայաստանը պատկերացնել նժդեհական ՀՀԿ-ով, արդեն ջուր ես լցնում թշնամու ջրաղացին: Իշխանությունը շտապում է ցույց տալ այս «պետության» հերոսներին, որպեսզի քո՝ առանձին վերցրած քաղաքացու մտքով չանցնի հերոս պատկերացնել ամեն պատահածին: Որպեսզի ինքդ քո հերոսները չունենաս: Ավելին, իշխանությունը, պետությունը երբեք թույլ չի տա ունենալ հերոսության մի պատկերացում, որտեղ չսպանելն արդեն հերոսություն է: Շնորհները և պատիժները իշխանության կռիվն են քաոսի հետ, դու չես կարող քո հերոսներին չհամաձայնեցնել հասարակության հետ: Նույնիսկ պոետներ են մեջտեղ ընկում: Դպրոցներ են անվանակոչվում նրանց անունով, մինչդեռ նրանք կրթություն են ձախողել՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Այդ դպրոցում, ախր, երեխայի հերոսը վարչապետն էր, իսկ ուսուցչուհու հերոսը՝ ԱԺ նախագահը:

Նրանք, որոնք ինչ-որ պատճառով մահանում են, իշխանությունը շտապում է հռչակել հերոսներ, որպեսզի հարցեր չառաջանան, թե ինչու՞ կամ ինչի՞ց մահացավ տվյալ մարդը: Մինչդեռ ինքն այդ պահին այնտեղ էր, որտեղ բոլորն են մահանում: Հերոսության համար պատվախնդրությունը վատ զենք է, ավելի լավ է արժանապատվությունից խոսենք: Այդ ո՞վ և ե՞րբ է այս երկրում արժանապատվություն տեսել գոնե վերջին 7 տարում:

Մեկնաբանել