Սրտանց ցանկանում եմ հայ-թուրքական սահմանի բացումը. Հռոմի պապ

Իտալիա վերադարձի ճանապարհին Հռոմի պապը պատասխանել է լրագրողների հարցերին: Իտալիա վերադարձի ճանապարհին Հռոմի պապը պատասխանել է լրագրողների հարցերին:

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա այցի երկրորդ օրը, «Ակօս» շաբաթաթերթի փոխանցմամբ, այցելել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, որտեղ երկար ժամանակ է՝ բուժում է ստանում Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Նրան ուղեկցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն:

Իտալիա վերադարձի ճանապարհին կաթոլիկ աշխարհի առաջնորդը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանի բացմանը:

«Գալիք տարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին հարցին պատասխանելով՝ Պապը հիշատակել է Էրդողանի ուղերձը,- գրել է Radio Vaticana կայքն ու մեջբերել Պապի խոսքերը:- Ոմանք այն չափազանց թույլ են համարում, սակայն իմ կարծիքով՝ մեծ, թե փոքր, այդուհանդերձ, ձեռքի մեկնում էր, իսկ դա միշտ դրական է: Պետք է աղոթենք ժողովուրդների հաշտեցման համար: Հուսանք, որ կբռնենք փոքր ժեստերի, մերձեցմանը միտված փոքր քայլերի ճանապարհը»:

«Ես սրտանց ցանկանում եմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Երանի՜ այդ սահմանը բացվեր: Ես գիտեմ, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք չեն նպաստում սահմանի բացմանը, սակայն աղոթենք ժողովուրդների հաշտության համար»,- Պապին մեջբերում է իտալական Reppublica կայքը:

Հայ-թուրքական սահմանի բացման մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությանն անդրադարձել են նաև թուրքական մի շարք առաջատար կայքեր, որոնց թվում՝ Anadolu գործակալությունն ու Haberler-ը: