«Բարոյականությունը» ըստ Հայաստանում Ռումինիայի դեսպանի

ambassador-of-romania-sorin-vasile1Նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն դասախոսություն էր կարդում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա հրավիրված էր խոսելու երկու երկրների միջև հարաբերությունների մասին և պատասխանելու հանրության հարցերին: Հայ ուսանողներից մեկի հարցին, թե ո՞րն է ավելի կարևոր Ռումինիայի համար` Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապե՞րը, թե՞ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, դեսպանը տվեց ցնցող պատասխան.

«Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս, սա շատ բարդ է… Որն է բարոյականությունը, որ ընդունենք` սա բարոյականությունն է: Ո՞րն է բարոյականությունը նորմալ զույգի միջև: Երկսեռ զույգի՞։ Իսկ հոմոսեքսուալ զույգի՞: Իսկ նորմալ, տղամարդ և կի՞ն, այո՞: Նրանք նորմալ են, նրանք բարոյական են: Իսկ հոմոսեքսուալները բարոյակա՞ն են, թե՞ ոչ։ Այսպիսով, ինչը նույնն է, ինչ… Ամեն ինչ հարաբերական է: Սա է քո հարցի պատասխանը: Քեզ համար սա հակասական է: Միասեռական զույգի համար սա կատարյալ է, ընտանիքի մոդելն է, այո: Միասեռական»:

Լսարանը լռեց: Անհարմար ու տարօրինակ լռություն: Ի՞նչ կապ կա Ցեղասպանության ճանաչման բարոյականության և միասեռական զույգի բարոյականության միջև:  Այս նույն հարցը հղվեց դեսպանին էլ. փոստով մեկ շաբաթ անց՝ նրա մեջբերման հենց նույն սղագրությամբ, որին նա պատասխանեց. «Վերլուծվել էր բարոյականության կոնցեպցիան, և ուրիշ համեմատություններ չեն կատարվել» : Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

Այն, ինչ նա ասաց հաջորդիվ, ցրում է ողջ անորոշությունը:

«Այժմ ամեն ինչ հարաբերական է, բավական բարդ է: Սա մաթեմատիկա չէ, դուք գիտեք քաղաքականությունը, ռազմավարությունը, աշխարհաքաղաքականությունը: Սա 1 + 1 չէ: Մի լավ կատակ կա հրեաների հետ կապված: Մի հրեա խոշոր բիզնեսմեն փնտրում է իր կազմակերպության համար հաշվապահ, և առաջին թեկնածուին հարցնում է` ինչ կլինի 10+10, սա պատասխանում է` 20: Հրեան նրան դուրս է հրավիրումՀաջորդին է հարցնում, սա էլ ասում է 30, և հրեան սրան էլ է հեռացնում: Իսկ երրորդը այդ նույն հարցին պատասխանում է. «Իսկ ինչքա՞ն եք ուզում, որ լինի»: Հրեան նրան ընդունում է աշխատանքի: Այսինքն, սա մաթեմատիկա չէ, որ ասես  1+1 = 2: Հաջորդ տարին կլինի հիշատակման հարյուրամյակըԵս չեմ ասում` ով է ճիշտ, ով սխալ, քանի որ ես իրավունք չունեմ, բայց սա բավականին բարդ է»:

Այն, որ դեսպանը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին կպատասխանի կրոնական մի խմբի, մասնավորապես` հրեաների մասին կատակ անելով, ուղղակի ցնցող է և վիրավորական:

Միգուցե պարոն Վասիլեն տեղյակ չէ, որ նման կատակներն են տարածում և ծնում որոշակի խմբերի մասին կաղապարներ: Այս դեպքում հրեան ասոցացվում է «խոշոր բիզնեսմենի» և ագահության հետ: Նույն կաղապարներն էին օգտագործվում Եվրոպայում 1930-ականների մամուլում, և նույնիսկ այսօր՝ հակասեմական աշխատություններում: Հենց այս կարծրատիպերի պատճառով հայերը անցան 1915-ի տառապանքի միջով։ Այդ կարծրատիպերն են, որ տգիտություն, զայրույթ և ատելություն են տարածում: Խարանումն ու ընդհանրացումը միշտ ի վերջո ծնում են խտրականության և բացառման գործողություններ:

Իհարկե, այս կատակը չպետք է որևէ մեկին ստիպի հետևություններ անել պարոն Վասիլեի` հրեաների նկատմամբ ունեցած տեսակետի վերաբերյալ, սակայն այն հանգամանքը, որ նա արտահայտեց դա՝ լինելով դեսպան և հրապարակային կոնֆերանսի ընթացքում, ի ցույց է դնում հայերի ու հրեաների պատմության հանդեպ հարգանքի բացակայությունը:

Իր մեկնաբանության վերջում պարոն Սորին Վասիլեն ավելացրեց.

«Եվ ամենակարևորը. նայեք ֆրանսիացիներին ու գերմանացիներին… նրանց միջև հաշտությունը: Դրա համար ժամանակ է պահանջվել, չէ՞: Սակայն ի վերջո նրանք եկան ընդհանուր հայտարարի»:

Կատարելով մեկ այլ համեմատություն՝ այս անգամ ֆրանս-գերմանական հարաբերությունների հետ, դեսպանը միգուցե անգիտակցաբար բարձրաձայնեց թուրքական պրոպագանդայի մի մասը՝ ասելով, որ ժամանակի ընթացքում Ցեղասպանության հարցը կդադարի խնդիր լինելուց։ Ժամանակն աշխատում է հօգուտ այդ մոռացման ռազմավարության, երբ աստիճանաբար կմահանան այն հայերը, ովքեր փոխանցում են Ցեղասպանությունը վերապրած իրենց  բարեկամների, ծնողների, զարմիկների հիշողությունները: Սա թուրքական իշխանությունների որդեգրած քաղաքականություն է:

Սակայն Ռումինիայի դեսպանը կարծես մոռանում է մի բան: Պատճառը, որ Ֆրանսիան ու Գերմանիան այժմ գործընկերներ են և լավ հարաբերություններ ունեն, նախևառաջ երկու երկրների կողմից սեփական սխալներն ու անցյալում կատարած դաժանությունները ճանաչելու մեջ է: Հաշտեցումը, ներումը և ի վերջո համագործակցությունը այդ երկու երկրների միջև հնարավոր եղավ միասնական անցյալի վրա լույս սփռելու արդյունքում:

Միայն ժամանակը բացարձակապես ոչինչ չի ջնջելու: Հակառակը, դա կարող է թողնել մոռացված և հերքված ողբերգությունների անարդարության և ցինիզմի դառը համ:

Պարոն Վասիլեն պատասխանը եզրափակեց այս կերպ. «Իմ պաշտոնի դեպքում, սա բավականին բարդ է: Հեշտ չէ, համատեղված են բազմաթիվ գործոններ` բարոյականություն, տնտեսական,  և քաղաքական, աշխարհաքաղաքական»:

Ոչ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարդ չէ: Դա կապ չունի բարոյականության որևէ տեսակի հետ: Կամ պատմական փաստերի կասկածի տակ առնելու հետ: Այդ փաստերը ողբերգական են և ճանաչված բոլոր լուրջ պատմաբանների կողմից: Խնդիրը մշուշում են տնտեսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական ճնշումները, որ Թուրքիան գործադրում է այն երկրների վրա, որոնք կփորձեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ռումինիան:  Չնայած այն հանգամանքին, որ երկիրը ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներին և 1991թ. առաջիններից էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, ռումինական իշխանությունները դեռևս հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը:

Ինչո՞ւ։

Հենց դեսպանի նշած այդ տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Ռումինիան իսկապես Թուրքիայի արտոնյալ առևտրային գործընկերն է, ունի կարևոր թուրք փոքրամասնություն և Անկարայի հետ ամուր դիվանագիտական կապեր:  Իսկապես, հարցն ուղղող հայ ուսանողը իրավացի էր: Ռումինիան նախընտրում է կենտրոնանալ իր ներկայիս տնտեսական շահերի վրա, քան ընդունել պատմական անարդարությունը:

Ի դեմս պատմությանը հիշողության տուրք մատուցելու և անհրաժեշտ հստակություն սփռելու՝ դեսպանը նախընտրեց քաղաքական ցինիզմով լի և մի ժողովրդի պատմության, կրոնական և սեռական փոքրամասնությունների և ի վերջո մեզնից յուրաքանչյուրի ինքնության նկատմամբ անհարգալից դիտարկումներ անել:

Մեկ շաբաթ անց իր այս բոլոր դիտարկումների շուրջ իրեն ուղղված հարցին դեսպանը պատասխանեց. «Ես Ձեր պնդումների շուրջ որևէ մեկնաբանություն չունեմ: Ես հստակ ասել եմ, որ 1915թ. իրադարձությունները ցավալի էին, և հույս եմ հայտնել, որ ինչպես Ֆրանսիան ու Գերմանիան գտան հաշտեցման ուղին, մոտ ապագայի կամ ավելի ուշ հեռանկարում տարածաշրջանի երկրները կբացահայտեն բանակցային ուղիները»:

Նա հրաժարվեց ներողություն խնդրել:

Գիյոմ դե Շազուրն

Հոդվածի անգլերեն տարբերակը` այստեղ: