Էրդողանն իսլամացնում է կրթական համակարգը հանուն հավատացյալ սերնդի դաստիարակության

Students of Tevfik Ileri Imam Hatip School eat and chat during a break in AnkaraՄերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Քադրի Գյուրսելի հոդվածը՝ «Էրդողանն իսլամացնում է կրթական համակարգը՝ հավատացյալ սերունդ դաստիարակելու համար» վերնագրով: Հեղինակն անդրադառնում է վերջերս Թուրքիայի Ազգային կրթության խորհրդի՝ երկրի ավագ դպրոցներում օսմաներենի պարտադիր դասընթացներ մտցնելու առաջարկին: Ըստ Գրյուրսելի՝ դրանով Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում է կրթել մի սերունդ, որն ապագայում լինելու է «Նոր Թուրքիա» տեսլականի կրողն ու ծառայելու է վարչակարգին: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

Դեռ 2012թ. փետրվարի 1-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցության ավագ անդամների ներկայությամբ հանդես էր եկել մի ելույթով, որն անհանգստություն էր առաջացրել և դարձել թեժ քննարկումների առարկա. հարցը վերաբերում էր Թուրքիայում աշխարհիկ կրթությանն ու աշխարհիկ պետությանը:

Արձագանքելով գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատությանը՝ Էրդողանն ասել էր. «Նա ասում է, որ ես բաժանում եմ Թուրքիան հավատացյալների և անհավատների: Ես երբեք չեմ խոսել ո՛չ առաջինների, ո՛չ վերջինների մասին: Ես խոսել եմ հավատացյալ երիտասարդություն դաստիարակելու մասին: Պարո՛ն Քըլըչդարօղլու, ինչպե՞ս եք պատկերացնում, որ պետք է աթեիստ սերունդ կրթենք: Դա կարող է լինել Ձեր նպատակը, ոչ մերը»:

Զարմանալի չէ, որ կրթական համակարգի իսլամացումը պետք է դառնար Էրդողանի առաջին քայլը «հավատացյալ սերունդ մեծացնելու» հարցում: Երեք տարի անց՝ անցյալ շաբաթվա Ազգային կրթության խորհրդի քննարկումների առարկան և ընդունված որոշումները ցույց են տալիս, որ կառավարությունն իրականում նշանակալի քայլեր է ձեռնարկել կրթությունն իսլամացնելու ուղղությամբ:

Ազգային կրթության խորհուրդը Ազգային կրթության նախարարության գլխավոր խորհրդատվական մարմինն է, որի պարտականությունների մեջ է մտնում կրթական հարցերի ուսումնասիրությունն ու համապատասխան հանձնարարականների ներկայացումը: Խորհրդի որոշումները պաշտոնական են դառնում նախարարության կողմից հաստատվելուց հետո:

Նախ՝ կառավարամետ ուսուցիչների արհմիությունը՝ Egitim Bir Sen-ը, առաջարկ ներկայացրեց պարտադիր երկսեռ կրթությանը վերջ տալու մասին՝ «հակառակ սեռերի միջև ձգողականությունից ծագող անվտանգության խնդիրները նվազեցնելու նպատակով»: Հիմնավորումը կրոնական չէր, սակայն թուրքերը մինչև այդ պահը տեղյակ չէին, որ իրենց երկրում այդ կարգի «անվտանգության խնդիրներ» կան: Այնուհետև ներկայացվեց առաջարկ, որ կրոնական դասընթացները սկսվեն նախակրթարանի առաջին դասարանից, ինչպես նաև «արժեքներ դասավանդվեն» նաև մանկապարտեզներում:

Խորհրդի մեկ այլ առաջարկ կոչ է անում ավագ դպրոցներում օսմաներենի պարտադիր դասընթացներ մտցնել: Օսմաներենը, որն արաբական այբուբենն է օգտագործում, ներկայում ավագ դպրոցներում դասավանդվում է որպես կամընտրական առարկա:

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի «այբուբենային հեղափոխության» արդյունքում 1928թ. Թուրքիայի Հանրապետությունը հրաժարվեց արաբական այբուբենից՝ հօգուտ լատինականի: Օսմաներենը, որը թուրքերեն, պարսկերեն և արաբերեն բառերի և քերականության խառնուրդ է, դարձավ ընդամենը Օսմանյան կայսերական պալատի, վարչակազմի և վերնախավի պաշտոնական և գրական լեզուն:

Ազգային կրթության խորհրդի «երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ» քաղաքականության արդյունքում ի վերջո ընդունվեցին հետևյալ որոշումները. պարտադիր երկսեռ կրթությանը վերջ տալու առաջարկը չմտավ օրակարգ: Դեկտեմբերի 6-ին խորհրդի գլխավոր ասամբլեան մերժեց օսմաներենի պարտադիր դասընթացների առաջարկը, սակայն ի վերջո մեկ քայլ առաջ արեց՝ ընդունելով առաջին դասարանից պարտադիր կրոնական դասընթացների առաջարկը: Ընդունվեց նաև մանկապարտեզներում «արժեքներ դասավանդելու» առաջարկը, որով 36-72 ամսական երեխաներին պետք է դասավանդել դրախտի և դժոխքի գաղափարները և սերմանել սեր առ Ալլահ:

Որոշումների քննադատության ճակատում գտնվող Քըլըչդարօղլուն դրանք որակեց փորձ՝ խանգարել մարդկանց մտածել: Ելույթ ունենալով դեկտեմբերի 6-ին՝ Քըլըչդարօղլուն ասել է. «Կրթության հիմնական նպատակն է անել այնպես, որ մեր երեխաները կարողանան որակյալ հարցադրումներ անել: Այս քայլով խանգարում ենք մեր երեխաներին հարցեր տալ: Նրանք ցանկանում են Թուրքիան վերածել միջնադարյան երկրի»:

«Արդարություն և զարգացում» կուսակցության այս քայլերը ոչ միայն վերաձևում են կրթական համակարգը սուննի հավատքի համաձայն, այլև մերժում են երկրի «սահմանադրական աշխարհիկությունը»՝ սկզբունք, որը գոյություն ունի միայն թղթի վրա:

Պատճառը, որ Էրդողանն ու նրա վարչակազմը ցանկանում են իսլամացնել կրթական համակարգը, ներկայացվեց սկզբում. նրանք ցանկանում են դաստիարակել հավատացյալ սերունդ, որը «Նոր Թուրքիա» տեսլականի կրողն է: Իսլամացած կրթական համակարգով կրթված սերունդը դիտվում է որպես Թուրքիայում քաղաքական իսլամի կառուցած ռեժիմի երաշխավոր: