Կիրակի ՏԻՄ ընտրություններ են 35 համայնքներում

Elections1Դեկտեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 60 քաղաքացի, որոնցից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. քվեարկությանը կմասնակցեն համայնքի ղեկավարի ընդհանուր թվով 42 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել և գրանցվել 61 քաղաքացի: Ինքնաբացարկի դիմում է ներկայացվել ավագանու անդամի 2 թեկնածուի կողմից. քվեարկությանը կմասնակցեն ավագանու անդամի 59 թեկնածու:

Համայնքի ղեկավարի 42 թեկնածուներից 2-ը, իսկ ավագանու անդամի 59 թեկնածուներից 5-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է չորս տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 109 դիտորդ: