Լևոն Երանոսյանը նկատողություն է ստացել Վլադիմիր Գասպարյանից. «Ժողովուրդ»

Yeranosyan_Levon«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի՝ «Սերժ Սարգսյանին հայհոյողի ականջները շան թուլի պես կկտրեմ» խոսքերից հետո նրան իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը և խիստ նկատողություն է արել:

«Սերժ Սարգսյանին զայրացրել է փաստը, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լևոն Երանոսյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին «շան թուլի պես կկտրեմ ականջները»: Եվ որպեսզի ամեն ինչ օրինական լինի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իր տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին նկատողություն հայտարարել»,-գրում է թերթը:

Լևոն Երանոսյանը դեկտեմբերի 12-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը: «Ես նախարարից (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին նկատի ունի) նկատողություն եմ ստացել իմ հայտարարության հետ կապված: Սերժ Սարգսյանից՝ ոչ, քանի որ ես ունեմ իմ ղեկավարը, եթե ես որևիցե սխալ եմ թույլ տալիս, խոսքերն իմ ղեկավարով է ուղղվում ինձ»»,- ասել է Երանոսյանը։

Ակնարկ

«Համաժողովրդական շարժումը» դեկտեմբերի 12-ին հայտարարություն է տարածել, որում դատապարտում է վերջին օրերին ազատամարտիկների և քաղաքական գործիչների վրա կատարված հարձակումները, ինչպես նաև պահանջում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից «բռնության կոչերի և քրեորեն դատապարտելի արտահայտությունների համար» անհապաղ պաշտոնանկ անել Լևոն Երանոսյանին և քրեական գործ հարուցել նրա նկատմամբ:

Դեկտեմբերի 9-ին հարձակում է եղել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի վրա։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին առավոտյան տնից դուրս գալիս դիմակավորված անձանց կողմից դաժան բռնության է ենթարկվել այդ դաշինքի խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը։ Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությանդեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում: Դեկտեմբերի 12-ին ծեծի է ենթարկվել նաև Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Վերջինիս ծեծի ենթարկողներին ոստիկանությունը ժամեր անց հայտնաբերել էր: