Որտե՞ղ հուղարկավորել իսլամացած հային

Ferman GezՍասունում ծնված ազգությամբ հայ, սակայն շրջապատի ճնշման տակ իսլամ ընդունած Ֆերման Գեզի մահը մեծ քննարկման առիթ է դարձել նրա ընտանիքում, ինչը չի վրիպել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից:

84-ամյա Ֆերման Գեզի մահից հետո նրա ընտանիքում, որի մի մասը քրիստոնյա է, մյուս մասը` մուսուլման, վեճ է սկսվել, թե որտեղ անցկացնել հանգուցյալի հոգեհանգիստը՝ եկեղեցիո՞ւմ, թե՞ մզկիթում, ապա՝ որտե՞ղ հուղարկավորել նրան` քրիստոնեակա՞ն, թե՞ մուսուլմանական գերեզմանոցում:

Ֆերման Գեզը 1950-ականներին մուսուլման է դարձել: Նրա կինը` Ֆերզիյե Գեզը, նույնպես իսլամադավան էր, սակայն հետագայում դարձել է քրիստոնյա: Ամուսինները ունեցել են 11 երեխա, որոնցից 7-ը մուսուլման են, 4-ը` քրիստոնյա:

Թուրքական Milliyet թերթի համաձայն` Ֆերմանի մահից հետո քրիստոնյա զավակները հանգուցյալի դին տարել են Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցիում գտնվող դիահերձարան: Սակայն հանգուցյալի մուսուլման զավակներին դուր չի եկել այս քայլը. նրանք ցանկացել են հոր հոգեհանգիստը կազմակերպել մզկիթում:

Demokrathaber-ի փոխանցմամբ՝ վեճին միջամտել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հարցը հասել է Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությանը (Diyanet İşleri Başkanlığı), որը հարցմանը պատասխանել է. «Առաջնորդվե՛ք հանգուցյալի կնոջ ցանկությամբ»: Այսպիսով՝ Գեզի հոգեհանգիստը կազմակերպվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիում, իսկ հուղարկավորությունը իրականացվել է հայկական գերեզմանատանը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, խոսելով ստեղծված դրության մասին, ասել է, որ այն աննախադեպ է. «60 տարի առաջ Ֆերման Գեզը շրջապատի ճնշումների տակ իսլամ է ընդունել` հրաժարվելով քրիստոնեությունից: Տարիներ անց երեխաների մի մասն ու կինը վերադառնում են քրիստոնեական հավատքին: Ընտանիքի անդամները սկսում են աշխատել հայկական եկեղեցիներում ու վարժարաններում»:

Արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է նաև, որ թեև նրանց ինքնության քարտում իսլամ է նշված, նրանք հայ են: Ըստ թուրքական մամուլում հրապարակումների` Ֆերման Գեզն ապրել է որպես մուսուլման, նամազ է արել, անգամ ցանկացել է ուխտագնացության մեկնել Մեքքա:

Demokrathaber կայքը գրում է, որ այս իրադարձությունը մեկ անգամ ևս վեր է հանում Թուրքիայում իսլամացված հայերի գոյության փաստը:

Մեկնաբանել