Պուտինը դեմ է ռուբլու փոխարժեքի ֆիքսմանը

PutinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է ռուբլու փոխարժեքի ֆիքսմանը, արտահանողների հասույթի պարտադիր վաճառք չի ծրագրվում սահմանել: Այս մասին դեկտեմբերի 18-ին՝ իր ամենամյա մամուլի ասուլիսին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ, ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ արտարժույթի փոխարժեքի նվազումը ռուբլու նկատմամբ կպահպանվի: Միաժամանակ՝ Պուտինը կարծում է, որ Կենտրոնական բանկը և կառավարությունը ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Ինչպես վկայում են Մոսկովյան բորսայի տվյալները, դեկտեմբերի 18-ի առևտրաշրջանի սկզբում դոլարի փոխարժեքն ընկել է մինչև 59,37 ռուբլի՝ կորցնելով 85 կոպեկ: Եվրոյի փոխարժեքն ընկել է մինչև 72,2 ռուբլի՝ էժանանալով 2,9 ռուբլիով:

Դեկտեմբերի 19-ի համար Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից սահմանված ռուբլու նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմել է 59,6029 ռուբլի/1 դոլար, եվրոյի փոխարժեքը՝ 73,3414 ռուբլի/1 եվրո:

Այսօր՝ ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, որ ներկա դրությունից ելքն ու Ռուսաստանի տնտեսության աճն անխուսափելի են, հանգամանքների ամենաանբարենպաստ զարգացման դեպքում դրա համար կպահանջվի երկու տարի։  Նա չի բացառել, որ իրադրությունը սկսի կարգավորվել արդեն 2015թ․ առաջին եռամսյակում։

Ռուբլու փոխարժեքը կայունացնելու նպատակով դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան Ռուսաստանի Կենտրոնական բանկը ավելի քան 10 միլիարդ դոլարի արտարժույթ էր վաճառել իր պահուստներից, ինչպես նաև որոշում էր կայացրել հիմնական տոկոսադրույքը [Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն են] 10.5%-ից բարձրացնել 17%-ի՝ ռուբլու արժեզրկման հերթական ռեկորդից հետո:

Ամենամյա մամուլի ասուլիսները Վլադիմիր Պուտինն անցկացնում է 2001-ից։ Սա Պուտինի տասներորդ ասուլիսին էր՝ որպես նախագահ։ Նա պատասխանել է 53 հարցի։