Սուրբ Ծնունդը՝ սահմանագիծ կյանքի հին ու նոր ընկալումների միջև

Հունվարի 5-ը Սուրբ Ծննդյան նախօրեն է. քրիստոնյաները պատրաստվում են տարվա եկեղեցական առաջին մեծ տոնին՝ Քրիստոսի Ծննդյանը:

Սուրբ Ծնունդը սահմանագիծն է հին ու նոր ժամանակաշրջանների, հին ու նոր մտածողությունների, աշխարհի ու կյանքի հին ու նոր ընկալումների միջև: Աստծու Ծննդով աշխարհ եկած Սիրո կրոնը, որ սեփական հոգին զորացնելու միջոցով խաղաղություն ու հարաբերությունների բոլորովին նոր որակ էր հաստատում Իր եկեղեցում՝ Իր պատգամներով ապրող մարդկանց խմբերում, լիովին նորություն էր՝ մեծապես անհասկանալի ու անընդունելի հին աշխարհի համար:

Քրիստոսը ճանաչված չէր որպես արքա, սակայն Նրա Ծնունդը դրվեց ժամանակի հաշվարկման առանցքում, ու հիմա ողջ աշխարհում ընդունված չափորոշիչն է՝ «Քրիստոսի ծննդից առաջ» և «Քրիստոսի ծննդից հետո»: Նորածին Հիսուսի աստվածության առաջ խոնարհվելու եկան երեք մոգերը (իմաստունները, թագավորները), ովքեր տեսել էին Նրա Ծննդյան աստղի փայլը և հետևել այդ լույսին, ովքեր նվիրեցին Մանկանը ոսկի՝ արքայության խորհրդանիշ, կնդրուկ՝ նշան աստվածության, և զմուռս՝ ապացույց, որ Նա ծնվել է տառապալից մահվամբ աշխարհը փրկելու:

Քրիստոսն աշխարհ եկավ՝ մարդկային կյանքի ողջ դժվարությունն անձամբ կրելու և ցույց տալու համար, որ կարելի է ապրել առանց մեղանչելու: Նա եկավ վերհանելու կյանքի ու հավերժի խորհուրդը, սիրելու կարևորությունն ու մարդկային հոգու զորությունը, նաև՝ աշխարհի հանդեպ մեծ սիրով Իր ուսերին առնելու ծանրությունն աշխարհի մեղքերի և մահվամբ այն մաքրագործելու համար:

Սուրբ Ծնունդն Աստծո մարդացման այն խորհրդավոր պահն է, որով երկինքը վերստին շոշափելիության աստիճան մոտեցավ երկրին, հոգևոր ու աշխարհիկ չափումները, որ գրեթե մշտապես դիտարկվել են որպես իրար հակադիր ոլորտներ, միաձուլված ներկայացան՝ հավաստելով, որ դա է բնականը, այդպիսին է ի սկզբանե եղել մարդը՝ հոգևորի ու աշխարհիկի ներդաշնակ միասնություն, և այդպիսին կարող է դառնալ: Քրիստոսի, հետագայում նաև՝ առաքյալների և սուրբերի հրաշագործություններով երևան եկավ կատարելության ճանապարհով ընթացող մարդու հնարավորությունների իրական ընդլայնումը՝ սոմատիկ հիվանդությունների բուժում հոգու մաքրագործմամբ, հաղթանակ ժամանակի ու տարածության նկատմամբ և այլն: Սուրբ Ծննդյան տոնակատարությունները, արարողությունները խորհրդանշում են մարդու մեջ երկնքի ու երկրի խաչման, երկրի վրա երկնային զորությամբ, խաղաղությամբ, երանությամբ ու անանձնական սիրով ապրելու հնարավորության մասին:

Սուրբ Ծննդյան նախօրեին՝ այսօր, քրիստոնյաները մաքրագործմամբ պատրաստվում են իրենց սրտերում ընդունել Նորածին Աստծուն՝ հզոր ակունքը երկնային խաղաղության, աստվածային սիրո ու անմեղ իմաստության: Որպես իրական արքաներ և իմաստուն մոգեր՝ քրիստոնյաները գնում են խոնարհվելու աշխարհ եկած Աստծուն: Երեկոյան մասնակցում են Ճրագալույցի պատարագին, Քրիստոսի Ծննդյան ավետիսը տալով՝ եկեղեցու լույսից վառում են իրենց ճրագ-մոմերը, և տուն տանում: Մեկ ճրագից վառվող ու դեպի բնակավայրեր տարածվող մոմերը գեղեցիկ խորհրդանիշն են Եկեղեցուց բխող ու տարածվող Լույսի:

Կարմեն Մարտիրոսյան