Հայե´ր, ներեք, եթե կարող եք. «Դոժդ»-ի խմբագիր

Գյումրիում տեղի ունեցած սպանդի և Ռուսաստանի իշխանությունների հաջորդող գործողությունների հետ կապված՝ «Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Իլյա Կլիշինը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ասացեք, իսկ ինչո՞ւ Ռուսաստանը՝ մեր ու ձեր երկիրը, պատվից այդքան վեր է համարում ներողություն հայցելը: Ընդհանրապես, սկզբունքորեն, ցանկացած առիթով: Արդյո՞ք սրանում բանտային ինչ-որ բան կա: Եթե նույնիսկ դու հազար անգամ սխալ ես, կարևորը, որ «չկոտրեն»: Չդողալ, թուլություն ցույց չտալ, չտատանվել:

Ես չեմ խոսում ապաշխարության, ծնկի իջնելու, նվնվալու մասին: Ես խոսում եմ աչքերի մեջ նայելու և ներողություն խնդրելու մասին: Սա, կարծում եմ, արժանապատիվ և խիզախ մարդու արարք է:

Հայաստանում ռուս զինծառայողի կողմից իրականացված զանգվածային սպանության համար ոչ նախագահը, ոչ վարչապետը ներողություն չխնդրեցին հայ ժողովրդից: Չնայած, արժեր:

Մենք այնքան ենք սիրում պարծենալ մեր ռուսական ոգով, հակադրում ենք մեզ եվրոպացի անհոգի բյուրգերներին: Եվ ու՞ր է այն, երբ պետք է: Մնում է միայն փոքրոգությունը: Ու՞ր է ամբողջ Դոստոևսկին, երեխայի արցունքը որտե՞ղ է: Գրողի ծոցը գնացե´ք ձեր այդ այլասերված բարոյականությամբ:

Հայե´ր, ներեք: Եթե կարող եք»:

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի են ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ է հասցվել ընտանիքի յոթ ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով: