Դատապարտել Բաքվի հայ բնակչության ջարդերը. ԼՂՀ կոչը միջազգային կառույցներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հունվարի 20-ին Բաքվի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով միջազգային մի շարք կառույցների կոչ է անում դատապարտել ջարդերը և տալ դրա իրավական գնահատական: Հայտարարությունն ամբողջությամբ ստորև.

1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք և երեխաներ:

1990թ. հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է 1988թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարն՝ անհամեմատ մեծ մասշտաբներով, որի հետևանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է:

Բաքվի հայ բնակչության ջարդերը և բռնատեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ:Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաև Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991թ.-ի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմագործողությունը, որի հետևանքով բռնատեղահանվել, հրդեհվել և կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:

Արցախից հայ բնակչությունը բռնատեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունն իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ:

Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:Գլուխ խոնարհելով Բաքվի ջարդերին ու բռնատեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի ու Արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակի առջև՝ մենքդատապարտում ենք էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, ծայրահեղականության ցանկացած դրսևորում,վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, գործադրված զանգվածային բռնությունների, պատերազմական հանցագործությունների կազմակերպիչները և իրականացնողները, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ենթարկվեն պատասխանատվության,կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ:

Մեկնաբանել