ՀՀԿ-ի սուգը

6451_bՀունվարի 12-ի Գյումրիի հանցագործությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքը վերահաստատեց կուսակցության դեգրադացված լինելու հանգամանքը։ Այս օրերին չգտնվեց գեթ մեկ հանրապետական, որը իրավիճակին համարժեք որևէ բան ասեր։

Հունվարի 12-ի Գյումրիի հանցագործության հաղորդումից հետո Սերժ Սարգսյանը «սելեկտորային խորհրդակցություն» հրավիրեց և անմիջապես անհետացավ մեդիա դաշտից։ Ամբողջ հանրությունը սկսեց փնտրել նրան և գտավ ռեստորանային համալիրներից մեկում՝ հին նոր տարին երիտհանրապետականների հետ տոնելիս:

Հունվարի 12-ից հետո Սերժ Սարգսյանը մեկ էլ պաշտոնապես հայտնվեց հունվարի 16-ին, բայց դարձյալ երկրում ստեղծված ողբերգական իրավիճակին անհաղորդ․ նախ՝ լրատվամիջոցներում նկարներ հայտնվեցին, որտեղ Սարգսյանը հետևում է շախմատի մրցույթին, այնուհետև լուր ստացվեց, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հիմնադիր Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակին:

Սերժ Սարգսյանը այս օրերի ընթացքում հարկ չհամարեց խոսել հանրության հետ Գյումրիում կատարված դեպքերի մասին, նա չանդրադարձավ Գյումրիի դեպքերին անգամ այն ժամանակ, երբ հազարավոր գյումրեցիներ ընդվզեցին ու դուրս եկան փողոց՝ իշխանություններից պահանջելով հարգել ու պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։

Սարգսյանը հասարակությանը որևիցե բացատրություն չտվեց, և միայն Սերյոժա Ավետիսյանի մահանալուց հետո նա հանրային ցավակցական խոսք հրապարակեց, որից հետո բացսական վերաբերմունքի արժանացավ հանրության կողմից:

Հանցագործությունից հետո քաղաքացիները պահանջում էին, որ սգո օր հայտարարվի Հայաստանում, սակայն հանրային պահանջը չկատարելու համար հանրապետականները սկսեցին այդ պահանջը մերժելու հիմնավորումներ ներկայացնել:

Այդ հիմնավորումները կարելի է միայն որակել ցինիկ, իրավիճակին ոչ համարժեք, հիմարություն և այլն: Օրինակ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, թե հայերը սգո մշակույթ չունեն, դրա համար էլ սգո օր չի հայտարարվել: Նա չի իմացել, որ իր կուսակից Անդրանիկ Մարգարյանի մահից հետո՝ 2006թ. և 2009թ. հայկական ինքնաթիռների վթարից հետո, ինչպես նաև հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո սգո օրեր են հայտարարվել Հայաստանում:

Իհարկե, Աշոտյանին չիմանալու համար կարելի է ներել, որովհետև նա հանրապետական է, սակայն նույնը անել Աշոտյանի կուսակից Սուքիաս Ավետիսյանի հանդեպ, դժվար է, որովհետև վերջինս ցինիկության բոլոր սահմանները անցել է և հայտարարել. «Մոմավառություն գնում է, բայց սգո օր հայտարարելու համար դժվարանում եմ ասել, հատկապես երբ վեց ամսական երեխային է վերաբերում, մի քիչ շատ ենք ուռճացնում… Սգո օր սովորաբար հայտարարում են՝ հաշվի առնելով զոհերի թիվը և կատարված երևույթը»:

Մեկ այլ հանրապետական Մանվել Բադեյանը հայտարարել է, որ մի քանի մարդ է պահանջում սգո օր հայտարարել, իսկ մի քանի հոգու պահանջը նա արդարացված չի համարում: Ըստ Բադեյանի՝ սգո օր հայտարարվում է, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն: Եթե կրթության և գիտության նախարարը տեղյակ չէ, ապա Բադեյանը որտեղի՞ց տեղյակ լիներ, որ ինքնաթիռների վթարից հետո սուգ հայտարարելը քաղաքական նշանակություն չի ունեցել: Կամ Բադեյանը որտեղի՞ց իմանար, որ մի քանի հոգի չէր պահանջում, այլ բնակչության մեծ մասը:

Գալուստ Սահակյանի ու Կարեն Ավագյանի հայտարարությունների մասին իմաստ չկա խոսել. ի սկզբանե հայտնի է նրանց մտքի թռիչքը:

Այսօր դժվար է ակնկալել որևիցե համարեք քայլ կամ հայտարարություն հանրապետականի կողմից: Հանրապետականը որպես կուսակցական կառույց զոմբիացրել է իր անդամներին, որի արդյունքում այդ կուսակցության անդամները ցանկացած իրավիճակի արձագանքում են անհամարժեք: Քանի դեռ Հանրապետականը իշխող ուժ է, Հայաստանում իշխանության անհամարժեքությունը կյանքի մաս է լինելու:

Մեկնաբանել