Բանակը պետք է լինի ավելին, քան անվտանգության երաշխավոր

karabakh army soldier line of contact«Սթարթ-ափ պետություն. Իսրայելի տնտեսական հրաշքի պատմությունը». (Start-up Nation: The Story of Israel’s Economic Miracle) այսպես է կոչվում ծագումով հրեա, ամերիկացի հեղինակներ Դան Սենորի և Սաուլ Սինգերի 2009-ին հրապարակած գիրքը: Նրանք պնդում են, որ Իսրայելի տնտեսական զարգացմանը երկու կարևոր գործոն է նպաստում՝ պարտադիր զինվորական ծառայությունը և ներգաղթը։

Հեղինակների կարծիքով Իսրայելի բանակում ծառայությունը զարգացնում է ձեռներեցության համար անհրաժեշտ ունակություններ։ Իսրայելական բանակում բարձր է գնահատվում ստեղծագործ և մտավոր աշխատանքը: Սթարթ-ափ կազմակերպությունների մեծ մասն ստեղծվում է զորացրված զինվորների կողմից: Բանակը նաև հնարավորություն է տալիս զինվորներին ստեղծելու կապեր, որոնք հետեգայում օգնում են նրանց բիզնեսով զբաղվելու համար:

Իսրայելում բանակը տնտեսական զարգացման կարևոր շարժիչներից է: Բանակը Հարվարդի նման մի տեղ է, որտեղ զիվորները հնարավորություն ունեն ստեղծել սոցիալական կապիտալ, և հետագայում այն օգտագործել բիզնես սկսելու կամ հայտնի կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու համար:

Բանակի և անվտանգությունն ապահովող այլ ինստիտուտների արդյունավետ կառավարման արդյունքում այսօր Իսրայելի պաշտպանության, հակաահաբեկչական և երկրի անվտանգության կազմակերպությունները ներկայացնում են Իսրայելի ՀՆԱ-ի ավելի քիչ, քան 5 տոկոսը:

Իսրայելը հաջողության հետաքրքիր օրինակ է Հայկական բանակի դերը ոչ թե փոխելու, այլ ընդլայնելու և ավելի ժամանակակից, արդյունավետ դարձնելու համար, որը ոչ միայն անվտանգության գործառույթ կիրականացնի, այլև կդառնա տնտեսության զարգացման կարևոր շարժիչ, գիտակրթական միջավայր։ Իհարկե, հնարավոր չէ ամբողջությամբ օգտագործել Իսրայելի բանակի բոլոր բաղադրիչները, և դրա անհրաժեշտությունը չկա էլ, սակայն կառավարման մի շարք մեթոդներ հնարավոր է կիրառել:

Ամենակարևորներից մեկն այն է, որ բանակը դառնա միջավայր, որտեղ զինվորները նոր հմտություններ սովորեն ու կարողանան այդ հմտությունը օգտագործել քաղաքացիական կյանքում: Համաշխարհային առաջատար PayPal վճարային համակարգի քարտերի խարդախության և էլեկտրոնային ինքնության գողության դեմ պայքարի արդյունավետ համակարգ ստեղծել է Շվաթ Շաքեդը, որը ծառայել էր իսրայելական բանակի հակաահաբեկչական վարչությունում, որտեղ և սովորել էր, թե ինչպես օնլայն տիրույթում գտնել ահաբեկիչներին:

Այս օրինակը ցույց է տալիս, որ ոչ միայն բանակում է անհրաժեշտ փոփոխություններ կատարել, այլև նաև տնտեսության կառուցվածքում: Այսինքն, տնտեսությունը պետք է դառնա մրցակցային և լավ մասնագետների պահանջարկ ստեղծվի:

Իսրայելի բանակի կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ մշտապես բարձրացնում են ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Ու այդ ամենում մեծ մասնակցություն է ունենում բանակի ամբողջ անձնակազմը: Հաշվի առնելով Հայաստանի ռեսուրսների սահմանափակ լինելը՝ Հայաստանը ևս պետք է բարձրացնի ռեսուրսների արդյունավետ օգտագործման մակարդակը: Դրա համար անհրաժեշտ է կառավարման նոր մեթոդներ օգտագործել:

Բանակը ամենամեծ սպառող կառույցներից է, որը ցանկացած պետության, հատկապես անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրների բյուջեների համար մեծ բեռ է։ Սակայն բանակը «ֆինանսական բեռից» կարող է վերածվել տնտեսական շարժիչի, եթե բանակի մատակարարումները լինեն առավելագույնս թափանցիկ, և այդ գործում խրախուսվի հատկապես փոքր ու միջին բիզնեսների մասնակցությունը։

Իսրայելական բանակի հաջողությունները հնարավոր է կիրառել Հայաստանում, սակայն նման հաջողությունների համար անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխություն ոչ միայն բանակում, այլև հասարակական-քաղաքական կյանքում:

Մեկնաբանել