Հայ ժողովրդի սերուցքը և Համահայկական հռչակագիրը

9790_bՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկած, բայց Ազգային ժողովից արձանագրությունները հետ չկանչած Սերժ Սարգսյանը իր համախոհների և սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների հետ հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիր է ընդունել:

Հռչակագիրը ընդունած մարդկանց մեծ մասը ակտիվորեն մասնակցել է հայ-թուրքական արձանագրությունների բանակցային գործընթացին: Խնդիրն այն է, որ այդ մարդիկ առանց Ցեղասպանության ճանաչման նախապայմանի փորձել են հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, ավելին՝ պարտավորվել էին հանձնաժողով ստեղծել՝ «պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»: Հայ-թուրքական հարաբերությունների գոյություն ունեցող խնդիրը Ցեղասպանությունն է, իսկ հանձնաժողովի մակարդակով ուսումնասիրության առարկա դարձնելը ու առանց նախապայմանների հարաբերություններ սկսելը նշանակում էր, որ առնվազն Ցեղասպանության հարցը հանվել էր օրակարգից:

Այսօր Սերժ Սարգսյանն իր թիմի հետ ընդունում է մի հռչակագիր, որտեղ նշում են, որ Հայաստանը պայքարելու է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար: Իսկ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ Սարգսյանը մոռացե՞լ էր իր այս հանձնառության մասին: Եթե այն ժամանակ դա չեն գիտակցել ու հիմա են դա հասկանում, ինչո՞ւ հայ-թուրքական արձանագրությունները հետ չեն կանչված ԱԺ-ից:

Հռչակագրի հեղինակները քաղաքական մեսիջ ուղղելու փոխարեն անդրադարձել են հայկական գենոֆոնդին, նույնիսկ այսպիսի արտահայտություն կա հռչակագրում՝ «վտանգի առջև հայտնված ազգային գենոֆոնդը»: Թե նրանք որտեղից են պարզել, որ ազգային գեն գոյություն ունի, պարզ չէ, սակայն հստակ է, որ մարդիկ գոնե գենետիկայի մասին սահմանափակ գիտելիքներ ունեն:

Տեքստի ամենամեծ զավեշտն այն է, որ հղումներ են կատարվում տարբեր փաստաթղթերի, սակայն փաստաթղթի տրամաբանությունը հռչակագրում չի պահպանվում: Օրինակ՝ Համահայկական հռչակագրում նշվում է՝ «հենվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի», իսկ ՀՀ Անկախության հռչակագրում նշված է. «Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Այդ ամենից հետո Համահայկական հռչակագրում հայությանը կոչ է արվում պայքարել հանուն «անկախ Արցախի»:

Մեկնաբանել