ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է Բերձորի բռնությունը

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը քննադատել է «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը։

«Խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր քաղաքացիների հետ բռնության լեզվով խոսելու դատապարտելի այս դեպքը հերթականն է՝ անցյալ տարեվերջին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրիկ Սարգսյանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ կիրառված բռնությունների շարքում։ Այս շղթան ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում խայտառակ ձախողումներ կրող վարչախումբն իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանը ահաբեկելու ցնորական գաղափարի մեջ։ Ցավալի է, որ Բերձորում տեղի ունեցած բռնություններն իրականացվել են ԼՂՀ ոստիկանության կողմից։ Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը։ Այդ փաստը, ամեն ինչից զատ, նաև միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Հայաստանի քաղաքական մյուս ուժերը դեռ չեն արձագանքել Բերձորում տեղի ունեցած բռնությանը։

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

Մեկնաբանել