Լևոն Հայրապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Levon HayrapetyanՓետրվարի 11-ին Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն՝ արցախցի գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգվել է մինչև ապրիլի 19-ը, հաղորդում է Interfax գործակալությունը:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ մեղադրվող Հայրապետյանի տնային կալանքը չորս ամսով՝ մինչև ապրիլի 19-ը երկարաձգելու մասին որոշում էր ընդունել: Դատարանն ուժի է մեջ էր թողել նաև Հայրապետյանի նկատմամբ ավելի վաղ կիրառվող մի շարք սահմանափակումները:

Ակնարկ

Լևոն Հայրապետյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում դատարանը կայացրել էր հոկտեմբերի 3-ին: Մինչ այդ Հայրապետյանը կալանքի տակ էր: Նա  ձերբակալվել էր հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Քրեական գործի շրջանակում դատարանի կողմից կալանքի տակ է դրվել ռուսական «Բաշնեֆտ» ընկերությունում գործարարի բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին։

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը հուլիսի 17-ին բավարարել էր գործարարին մինչև սեպտեմբերի 15-ը կալանքի տակ պահելու միջնորդությունը։ Հայրապետյանը չէր համաձայնել տվյալ որոշման հետ և այն բողոքարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանում։

Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Հայրապետյանը իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։

Սեպտեմբերի 12-ին դատարանը Հայրապետյանի կալանքը երկարաձգել էր մինչև դեկտեմբերի 15-ը: Սեպտեմբերի 13-ին նրա դեմ երկրորդ քրեական գործն էր հարուցվել: Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։