Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, ասել է Սերժ Սարգսյանը

SharmazanovՓետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցությունը իր կենտրոնական գրասենյակում գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որին հետևեց ՀՀԿ խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտարարեց, որ գործադիր մարմնի նիստին նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր գնահատականը քաղաքական զարգացումների վերաբերյալ:

«Կուսակցության անդամները քննարկել են այդ գնահատականները և տվել իրենց համաձայնությունը, որից հետո հարցը տեղափոխվել է խորհրդի նիստ՝ ավելի լայն կազմով քննարկելու համար։ Խորհրդի նիստում նախատեսված չէ սահմանադրական փոփոխությունների հարցի քննարկում։ Քննարկումը վերաբերելու է բացառապես ներքաղաքական գործընթացներին, և Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասել է, որ «Հայաստանում պետք է ձևավորվեն նորմալ քաղաքական գործընթացներ և քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները»:

ՀՀԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ խորհրդի նիստի ավարտից հետո կհրապարակվի խորհրդի որոշումը։

ՍիվիլՆեթը ՈՒՂԻՂ հեռարձակմամբ կմիանա խորհրդի նիստից հետո կայանալիք մամուլի ասուլիսին։

Մեկնաբանել