Թուրքիան գովաբանում է փոքրամասնությունների օգտին կատարած «ռեֆորմները»

Screen Shot 2015-02-13 at 17.06.39Թուրքիայի կառավարության Հանրային դիվանագիտության համակարգող խորհուրդը «Թուրքիայում կրոնական տարբեր խմբերի օգտին կատարված ռեֆորմներ» անունով զեկույց է հրապարակել: Ըստ այդ զեկույցի՝ մինչև օրս կրոնական փոքրամասնություններին հետ է վերադարձվել 1014 վագըֆային կալվածք, 150 անշարժ գույքի վերադարձի հարցերն էլ քննարկման փուլում են, հաղորդում է T 24 կայքը:

Որպես Թուրքիայի ազգային փոքրամասնություններին գույքի վերադարձի վերջին և ցայտուն օրինակ՝ մատնանշվում է Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցին նախկինում պատկանած հողատարածքի սեփականության վկայականի վերադարձը:

Զեկույցում նաև նշվում է Թուրքիայում գործունեություն ծավալող համայնքային կառույցների թիվը: Ըստ այդ տվյալների՝ ներկայում ակտիվ գործունեություն ծավալող 165 համայնքային հիմնադրամից 76-ը հունական է, 53-ը՝ հայկական, 19-ը՝ հրեական, 10-ը՝ ասորական, 2-ը՝ բուլղարական և այլն:

Զեկույցի «Վերանորոգումներ» բաժնում, ի թիվս հունական եկեղեցիների ու հրեական սինագոգի, ներկայացված է նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին (վերանորոգման ծախսերին պետությունը մասնակցել է 30%-ով), որտեղ 2011թ. պատարագ է մատուցվել, և այն բացվել է որպես գործող եկեղեցի: Վերանորոգված եկեղեցիների ցանկում կա նաև Ստամբուլի Որդոց Որոտման վանքը:

Թուրքիայի կառավարությունն ընդգծում է, որ երկրի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը թույլ է տվել պատարագ մատուցել Տրապիզոնի Սումելա վանքում և Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում՝ դա ներկայացնելով որպես կարևոր քայլ և Թուրքիայի բարի կամքի դրսևորում:

Կառավարության Հանրային դիվանագիտության համակարգող խորհուրդը թվարկել է նաև այն եկեղեցիների ու սինագոգերի ցանկը, որոնք վերանորոգման փուլում են:

Թուրքիայի կառավարությունը ռեֆորմ է համարում հայկական դպրոցներին հայերեն դասագրքեր բաժանելը (ինչը պարտավոր է օրենքով-ՍիվիլՆեթ) և կրոնական փոքրամասնություններին պատկանող 6 թերթի ֆինանսական օգնություն տրամադրելը:

Մեկնաբանել