Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորումից կրկին զինծառայող էր մահացել:
***
Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով: Միայն հունվարին հայկական կողմից մոտ տասը զինծառայող է զոհվել մարտական հերթապահության ժամանակ։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է»: