Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծում

Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ։ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ։

Կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է ստեղծում. համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի փետրվարի 19-ի նիստին:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը նախագահելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին (համաձայնությամբ), բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահին (համաձայնությամբ), Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցչի (համաձայնությամբ), Հանրային խորհրդի նախագահին (համաձայնությամբ), համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչի (համաձայնությամբ)։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, ասել է, որ խորհրդում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավման հարցը լուծվելու է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի միջոցով: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջարկել է դիմել անմիջապես խմբակցություններին, այլ ոչ թե Գալուստ Սահակյանին, ինչպես նախատեսված է նախագծով: Հովհաննես Մանուկյանը պարզաբանել է, որ որոշումն իրականում խմբակցություններն են կայացնելու, սակայն գործընթացն իրականացվելու է ԱԺ խոսնակի միջոցով: Իր հերթին Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ճիշտը որոշման նախագծով սահմանված կարգն է:

***

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանցից շատերը մեծ հարստություն են կուտակել պետական պաշտոններում իրենց պաշտոնավարման տարիներին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին հոդվածաշար էր հրապարակել «Հետք» պարբերականը («Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի»)։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներին են պատկանում մի շարք խոշոր բիզնեսներ, այդ թվում «Յուքոմ» ընկերությունը, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը, սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը, թանկարժեք ժամացույցների և զարդերի «Խրոնոգրաֆ» խանութը: Խաչատրյանի հետ փոխկապված ընկերությունները Հայաստան խոշորագույն սննդամթերք ներկրողներից են։

2014թ․ Գագիկ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր և կնոջ անունով ընդհանուր հայտարարագրել է  ավելի քան 2.7 մլրդ դրամի չափ գումար։