Միակողմանի սահմանափակող միջոցները արխաիկ մտածողության դրսևորում են:
Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած բանավեճի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ նրանց մեղադրելով կազմակերպության սկզբունքները խախտելու մեջ:
Իր ելությում Լավրովը հիշեցրել է Սերբիայի ռմբակոծությունները, իրաքյան պատերազմն ու Լիբիայում վարչակարգի փոփոխությունը: Արևմտյան պետությունների ներկայացուցիչները, ի պատասխան, մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայում գործողությունների համար:
Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, Լավրովը հազվադեպ է մասնակցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին, սակայն փետրվարի 23-ի բաց քննարկումների համար, որոնք նվիրված էին ՄԱԿ-ի ստեղծման 70-ամյակին, նա բացառություն է արել: Քննարկումը կրում էր «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. պատմության դասեր, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին հավատարմության վերահաստատում» խորագիրը:
«Միակողմանի սահմանափակող միջոցները, ազգային օրենսդրության արտատարածքային կիրառման փորձերը ոչ այլ ինչ են, քան դաշինքային արխաիկ մտածողության դրսևորում, որոնք հանգեցնում են միջազգային ասպարեզում հակամարտ լիցքերի կուտակմանը, դժվարացնում են ի հայտ եկող խնդիրների լուծման ուղիների համատեղ որոնումը»,- ասել է Լավրովը:
«Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջման բացահայտ խրախուսումը գլոբալ տիրակալության պատրանքի հետևից վազելու հետևանք է»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Նա վստահ է, որ միջազգային մթնոլորտը մեծապես թունավորում են նաև տեղեկատվական պատերազմները և դրանց հրահրումը համաշխարհային լրատվամիջոցների ու սոցցանցերի օգտագործմամբ:
«Գործադրվում են վճռական ջանքեր Անվտանգության խորհուրդը առաջնորդի որոշումները «կնքող» կառույցի վերածելու ուղղությամբ»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ համաշխարհային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է ձերբազատվել նաև երկակի չափանիշներից:
«Ռուսաստանի կոչերը կեղծավոր են»
Սերգեյ Լավրովի ելույթին խիստ արձագանքել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:
«Արևելյան Ուկրաինայից մինչև մոլդովական Մերձդնեստր, վրացական Աբխազիա և Հարավային Օսիա՝ բոլորը հարևան պետություների ինքնիշխանությանը Ռուսաստանի միջամտության օրինակներ են»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերն էլ կեղծավոր է համարել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու Մոսկվայի կոչը, քանի որ «Ռուսաստանն այսօր վարժեցնում, զինում և աջակցում է ուկրաինական տարածքը բռնազավթած անջատականներին»: