ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում առանց գրանցման կարող են մնալ 90 օր՝ 180 օրվա ընթացքում

ФМС ArmeniaՌուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը փետրվարի 25-ին վավերացրել է քաղաքացիների կեցության փոխադարձ կարգի մասին համաձայնությունը, հաղորդում է TASS գործակալությունը:

Փաստաթուղթը Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին և Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատում է հյուրընկալող պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում պարտադիր գրանցման պատասխանատվությունից:

Այսպես՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք նախկինում պարտավոր էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ առանց գրանցման կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել ընդհանուր առմամբ 90 օր՝ 180 օրվա ընթացքում:

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան ասել է, որ Հայաստանի քաղաքացիները կազմում են ԱՊՀ անդամ երկրներից Ռուսաստան եկող ներգաղթյալների հոսքի մոտ 5 տոկոսը:

«Մենք այստեղ որևէ միգրացիոն սպառնալիք չենք տեսնում»,- ասել է Եգորովան՝ հավելելով, որ Հայաստանից ներգաղթյալների գրանցման նման կարգն արդեն կիրառվում է ժամանակավոր հիմունքներով, և «որևէ բացասական ազդեցություն միգրացիոն իրադրության վրա այն չի ունենում»:

***

Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության կարգի վերաբերյալ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում:

Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կեցության նոր կանոններ են սահմանվում՝ պայմանավորված 2015թ. Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությամբ: Համանման համաձայնագրեր արդեն գործում են ԵՏՄ մյուս անդամներ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար:

Մեկնաբանել