Հայտնի են ՄԻԵԴ դատավորի հաղթող թեկնածուները

ECHR1Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուսդմեն Արմեն Շուրայի Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Գառնիկի Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը: Այս մասին ասված է արդարադատության նախարարության հայտարարությունում:

Ընդունված կարգի համաձայն` հաղթող թեկնածուների ցուցակը պետք է ներկայացվի ՀՀ նախագահի հաստատմանը:

Ցուցակը ստանալուն հաջորդող հինգ օրվա ընթացքում ՀՀ նախագահն այն հաստատում կամ մերժում է: Այնուհետ հաստատված ցուցակը ներկայացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որն էլ ընտրում է երեք թեկնածուներից նրան, ով պետք է ներկայացնի Հայաստանը Եվրադատարանում:

***

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել հունվարի սկզբին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել էր հրամանագիր, որով ուժը կորցրած էր ճանաչվել «ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը։

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը (Նելիկ Հարությունյանը) ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ արտգործնախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի նոր ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել էր փետրվարի 26-ին և ավարտվել փետրվարի 27-ին: Մրցույթին դիտորդական առաքելություն իրականացրած փաստաբանները մտահոգություն էին հայտնել առ այն, որ հանձնաժողովը չի ապահովել մրցույթի ամբողջական և պատշաճ թափանցիկություն։

Մեկնաբանել