New York Times-ի անդրադարձը Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությանը

100 Lives նախագծի համահովանավորն է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը: 100 Lives նախագծի համահովանավորն է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:

Հայկական սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են իրենց: Այս մասին գրում է New York Times պարբերականը:

«Մարդասիրական մրցանակը, որի մասին կհայտարարվի մարտի 10-ին Նյու Յորքում, անվանի հայերի փորձն է փաստագրելու և արխիվացնելու Հայոց ցեղասպանության (մինչև այժմ վիճարկվում է թուրքական կառավարության կողմից) պատմությունը՝ ճիշտ այնպես, ինչպես հրեաներն են արել Հոլոքոստի դեպքում»,- գրում է New York Times-ի թղթակից Րիք Գլադսթոունը:

Թերթը հղում է անում մրցանակի հայ հովանավորներին, որոնց կարծիքով՝ այս նախաձեռնության շնորհիվ կցուցադրվի, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրած հայերը (որոշ դեպքերում նրանց պաշտպանել են բարեգութ թուրքեր) հաջողել կյանքում՝ սփռվելով աշխարհով մեկ:

«Այդքան շատ հայերի փրկած մարդկանց մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժն ու զոհաբերությունը ստիպում է մեզ պատմել այս պատմությունները»,- ասել է հայ բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, որը 100 Lives նախագծի համահովանավորն է:

100 Lives նախագծի շրջանակում նախատեսվում է հիմնել 1 մլն դոլարին համարժեք մրցանակ, որը կկոչվի «Ավրորա»: Գումարը չի մնալու հաղթողների մոտ, այլ փոխանցվելու է այն կազմակերպություններին, որոնք աշխատանքի ընթացքում ոգեշնչման աղբյուր են եղել իրենց համար:

Մրցանակը անվանվել է Արշալույս Մարտիկյանի պատվին, որը Ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի անդամների սպանության ականատեսն է եղել: Նա իր կյանքը նվիրել է Ցեղասպանության մասին իրազեկմանը: 1919թ. Մարտիկյանը նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, որում Ավրորան խաղացել է ինքն իրեն:

Ռուբեն Վարդանյանն ու նրա գործընկերները համագործակցել են Not On Our Watch կազմակերպության հետ, որը հիմնադրել են Դոն Չիդլը, Ջորջ Քլունին, Մեթ Դեմոնը և Բրեդ Փիթը: Կազմակերպության գործունեությունը միտված է զանգվածային սպանդի կանխարգելմանը:

2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը առաջին մրցանակը կշնորհի Ջորջ Քլունին:

Մեկնաբանել