ԼՂՀ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեց դիվերսանտների գործով վճիռը

P1030437_001ԼՂՀ Վերաքննիչ դատարանը մարտի 10-ին վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ առաջին ատյանի՝ ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով դատավճիռը՝ մերժելով նրանց պաշտապնենրի վերաքննիչ բողոքները, հաղորդում է «Արցախպրես» գործակալությունը:

Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ասկերովին և Գուլիևին դատապարտել էր համապատասխանաբար ցմահ և 22 տարի ազատազրկման:

***

Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել 2014թ. հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 11-ին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտե` իրենց քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողության արդյունքում Հասան Հասանովը մահացել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Գործով վերաքննիչ դատավարությունը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Ամբաստանյալները ներկայացնելով իրենց բողոքները նշել էին, որ համաձայն չեն դատավճռի հետ, քանի որ, իրենց խոսքով, ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։