Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացրել

031500109846Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում մարտի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ըննդիմության՝  «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» բողոքի ցույցը, որին մասնակցել է մինչև 5 հազ. մարդ, հաղորդում է ադրբեջանական ընդդիմադիր contact.az կայքը:  Բողքի ցույցը պայմանավորված է Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկմամբ, դրան հաջորդած թանկացումներով, երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակով: Ցույցն անցկացվել է «Վերջ թալանին» խորագրով:

Հանրահավաքին ելույթ են ունեցել ընդդիմադիր մի շարք կուսակցությունների ղեկավարներ: Նրանք նշել են, որ իշխանությունների սխալ քաղաքականությունը հանգեցրել է մանաթի արժեզրկմանը, ինչը վկայում է, որ քաղաքացիների շահերը և խնդիրները չեն հուզում իշխանություններին: Նրանք իշխանություններին մեղադրել են նաև ազգային հարստությունը վատնելու, ինքնագովազդի մեջ:

Ցուցարարները պաստառներ են պարզել՝ «Պատժել մանաթի քիլերներին», «Դադարեցրեք ընտրակեղծիքները» կոչերով:

Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ հանրահավաքին ընդառաջ կոտրվել է իր ֆեյսբուքյան էջը: Նա դա վերագրել է իշխանություններին՝ պնդելով, որ այդպիսով փորձ է արվել կանխել իր կողմից հանրահավաքի կոչերի տարածումը:

Հանրահավաքի ավարտին հայտարարություն է ընդունվել, ըստ որի՝ իշխանությունները խաբել են քաղաքացիներին՝ կտրուկ արժեզրկելով մանաթը՝ չնայած մինչ այդ խոստումներ էին տվել, որ դա տեղի չի ունենալու: Ընդդիմությունը իշխանություններից պահանջել է փոխհատուցել քաղաքացիների՝ դրա հետևանքով կրած վնասը՝ բարձրացնելով աշխատավարձերը և թոշակները, վերջ դնելով կոռուպցիային և մենաշնորհին:

Ընդդիմադիր խորհրդի վերջին ցույցը տեղի էր ունեցել 2014թ. նոյեմբերին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:

Խորհուրդն ստեղծվել է  2013թ. մայիսին: Նրա կազմում են մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ: