Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Այս մասին մարտի 26-ին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Համաձայն պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:
Հաղորդվում է, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը, ստանալով ուժեղ հակահարված, ճնշվել են:
«Պաշտպանության բանակը շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
***
Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել էր երեք զոհ, չորս վիրավոր: