Միջազգային մամուլի անդրադարձը Քանյե Ուեսթի երևանյան համերգին

Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթը ապրիլի 12-ի կեսգիշերին անակնկալ անվճար համերգ տվեց Երևանում` Կարապի լճի մոտ: Համերգի ընթացքում նա կատարեց իր մի շարք հանրահայտ երգերից հատվածներ և կատարման ավարտին նետվեց Կարապի լիճը: Քանյեի օրինակին հետևեցին բազմաթիվ երկրպագուներ: Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են Քանյեի համերգին:

«Այն պահը, երբ Հիսուսը փորձել է քայլել ջրի վրայով: Քանյե Ուեսթը անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին՝ երևանյան լճի կենտրոնում հանպատրաստից համերգ տալով».- այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել բրիտանական Daily Mail-ը:

«Քանյե Ուեսթը հնարավոր է՝ ձանձրացել էր իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և քենու՝ Քլոեի հետ հայաստանյան այցելության ընթացքում: Անցյալ կիրակի 37-ամյա ռեփերը Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, անակնկալ է մատուցել երկրպագուներին՝ հանպատրաստից համերգ տալով,- գրել է պարբերականը: – Լճի մոտ համերգը տևել է ընդամենը մի քանի րոպե, սակայն նա վստահաբար Հայաստանի ժողովրդին հիշելու բան է թողել»:

Քանյեի համերգին անդրադարձել է նաև աստղերի կյանքը լուսաբանող լոսանջելեսյան TMZ կայքը իր «Քանյե Ուեսթը կատաղել և թրջվել է հայստանյան անակնկալ անվճար համերգի ժամանակ» հոդվածում:

MTV.com կայքն էլ գրել է, որ ոստիկանությունը դադարեցրել է շոուն այն բանից հետո, երբ Քանյեն ցատկել է ջուրը:

«Դե ինչ, հնարավոր է՝ ջրի մեջ երգելը մի փոքր վտանգավոր է, սակայն պետք է ընդունել, որ դա հրաշալի էր»,- գրել է կայքը:

Քանյե Ուեսթի երևանյան համերգին անդրադարձել են նաև BBC-ն և CNN-ը:

Ամուսնու համերգի մասին Թվիթերում մի շարք զգացական գրառումներ է արել Քիմ Քարդաշյանը:

«Խելահեղ գիշեր: Քանյեն ինձ արթնացրեց և ասաց, որ անվճար համերգ է տալու Երևանում՝ Հայաստանում: Ես արագ հագնվեցի և գնացինք»,- գրել է Քիմը:

Այն մասին, որ դա Քարդաշյանների վերջին երեկոն էր Հայաստանում, տեղեկանում ենք Քիմի մեկ այլ գրառումից:

«Այնքան հուզիչ, խելահեղ գիշեր: Այնքան ուրախ եմ, որ մեր վերջին գիշերը բոլորի հետ զվարճացանք Հայաստանում»:

Մեկնաբանել