Դավութօղլուն ուղերձ է հրապարակել Ապրիլ 24-ի նախօրեին

ahmet davutogluՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ապրիլի 20-ին հանդես է եկել ուղերձով, որը վերնագրված է «Թուրքիայի Հանրապետության վարչապետը օսմանյան հայերի մասին, որոնք կորցրին իրենց կյանքը Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: «Կիսելով օսմանյան հայերի վիշտը»՝ Դավութօղլուն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրը: Ուղերձի տեքստն ամբողջությամբ անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև:

Օսմանյան կայսրության վերջին տարիներին էթնիկական և կրոնական տարբեր պատկանելություն ունեցող օսմանյան քաղաքացիների ստվար հատված անցավ մեծ տառապանքի միջով, որը խոր սպի թողեց նրանց հիշողության մեջ: Նրանք բոլորը իրար հետ դարեր շարունակ ապրել էին խաղաղության և ներդաշնակության մեջ:

Որպես Առաջին աշխարհամարտի պայմաններում այդ տառապանքի միջով անցած էթնիկական և կրոնական տարբեր ազգերի հետնորդներ՝ մենք հասկանում ենք հայերի զգացմունքները: Մենք հարգանքով ենք հիշում կյանքը կորցրած օսմանյան անմեղ հայերին և նրանց հետնորդներին մեր խոր վշտակցությունն ենք հայտնում:

Թուրքիայի համար թե՛ պատմական, թե՛ մարդկային պարտականություն է հարգելու օսմանյան հայերի հիշատակը և հայկական մշակութային ժառանգությունը:

Սրանից ելնելով է, որ [Պոլսի] Հայոց պատրիարքությունը ապրիլի 24-ին կրոնական ծես է մատուցելու, և օսմանյան հայերն են հիշվելու Թուրքիայում, ինչպես և աշխարհի մյուս վայրերում:

Այդ օրը շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Թուրքիան ու Հայաստանը կարողանային միասին հարգել օսմանյան հայերի հիշատակը այն միջոցառմանը, որը համահունչ կլիներ երկու պետություններին: Դա այն է, ինչ մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում էր իր ուղերձում 2014թ. ապրիլի 23-ին, երբ նա վարչապետ էր:

Մենք համոզված ենք, որ երբ պատմությունն այլևս չի շահարկվում քաղաքական նպատակների համար, հնարավոր է հասնել հասուն և բարոյապես առողջ նման արդյունքի:

Անատոլիական հին քաղաքակրթությունը մեզ սովորեցնում է տեր կանգնել մեր պատմությանը, հիշել թե՛ մեր ուրախությունները, թե՛ ցավերը, ամոքել մեր վերքերը միասնաբար և միասին նայել դեպի ապագան:

Ինչպես ես հայտարարել եմ 2015թ. հունվարի 20-ի իմ ուղերձում, Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը, «հնագույն երկու ազգ կարող են ցուցաբերել իմաստնություն՝ հասկանալու իրար և միասին մտածելու ապագայի մասին»:

Որպես մեր պատմական պատասխանատվության և մարդկային առաքելության հետևանք, և առանց տարբերություն դնելու նրանց միջև, ովքեր անցել են տառապանքների միջով, մենք այսօր հարգանքով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

Մենք նաև վստահ ենք, որ շարունակվող տառապանքը մեղմելու համար նույնքան կարևոր է անցյալին առերեսվել ազնվությամբ՝ այնպես, ինչպես այն կա, և հիշել նահատակներին:

Հնարավոր է հաստատել Առաջին աշխարհամարտին պատահածի պատճառները և նշել նրանց, ովքեր պատասխանատու էին դրանց համար:

Սակայն ընդհանրացումների միջոցով ամբողջ մեղքը դնել թուրք ազգի վրա և ամեն ինչ հավասարեցնել մեկ բառի՝ այն զուգակցելով ատելության քարոզի հետ խնդրահարույց է թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով:

Աքսորների և կոտորածների սպիները, որոնց ենթարկվել են օսմանյան թուրքերն ու մուսուլմանները մեկ դար առաջ մինչ այսօր կենդանի են մեր հիշողության մեջ:

Այս փաստն անտեսելը և անցած ցավերի միջև խտրականություն դնելը խնդրահարույց է պատմական առումով և սխալ՝ բարոյական առումով:

Ավելին, վերջին տարիները ցույց են տվել, որ ոչնչի հնարավոր չէ հասնել մեկմեկու փորձելով պարտադրել իրարամերժ դրույթները:

Այս համատեքստում օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը և համոզմունքները պետք է լսելի լինեն և հարգվեն:

Ճշմարտությանը հասնելու համար բավարար է ունենալ արդար հիշողություն, կարեկցանք, հարգալից լեզու և իրերին նայելու խելամիտ և օբյեկտիվ ձև:

Թուրքիայում ցանկացած տեսակետ ազատ արտահայտվում է և բաց քննարկվում: Ամեն տեսակի փաստաթղթեր ու գիտելիքներ կարելի է ուսումնասիրել: Այս միջոցները տրամադրելով՝ Թուրքիան նշանակալից դրական քայլ է կատարում դեպի ընդհանուր ապագայի կերտումը:

Որպես երկու հնագույն ազգերի հետնորդներ, որոնք հարյուր տարի առաջ կիսել են նույն ճակատագիրը՝ ուրախություն կամ վիշտ, մեր միասնական պատասխանատվությունն ու կոչն այսօր մեկդարյա հին վերքերն ամոքելն է և մեր մարդկային կապերը կրկին հաստատելը:

Թուրքիան այս պատասխանատվության նկատմամբ անտարբեր չի մնա և կշարունակի անել ամեն հնարավորը բարեկամության և խաղաղության համար:

Այդ իսկ պատճառով մենք երրորդ բոլոր կողմերին կոչ ենք անում ընդունել մոտեցում՝ հիմնված արդար հիշողության և ընդհանուր խաղաղ ապագայի, ոչ թե հին վերքերը փորփրելու վրա:

Ահա այս զգացումներով և համոզմունքով է, որ մենք ևս մեկ անգամ խորին հարգանքով նշում ենք օսմանյան հայերի հիշատակը, որոնք կորցրին իրենց կյանքը 1915թ. տեղահանությունների ժամանակ, և մենք կիսում ենք նրանց երեխաների ու թոռների վիշտը:

Թարգմանությունը՝ ՍիվիլՆեթի

Մեկնաբանել