Եվրոպացի պատգամավորները տպավորված են ԼՂՀ ընտրություններով

ՌոշբլուանԵվրամիության և մյուս միջազգային կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի ընտրությունների չճանաչումը մեզ չի խանգարել գալ Լեռնային Ղարաբաղ՝ որպես դիտորդ: Փաստը, որ ես այստեղ եմ, վկայում է, որ ես անձամբ ճանաչում եմ այս ընտրությունները. մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Էնգելը: Վերջինիս խոսքով՝ ԼՂ ժողովուրդը «նախընտրում է կառուցել ժողովրդավարական պետություն առանց ճանաչման, քան ճանաչում՝ առանց ժողովրդավարության»:

«Ես կարծում եմ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունը իրավիճակի մի կողմն է: Մյուս կողմից, համաշխարհային տերությունները նշում և արձագանքում են Լեռնային Ղարաբաղի ազատության ձգտմանը»,- «Կավկազսկի ուզել» կայքի հաղորդմամբ՝ ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Նրա խոսքով՝ ԼՂ-ն «վառ օրինակ է այն բանի, թե ինչպես են զարգանում ժողովրդավարական գործընթացներն ու ավանդույթները»:

«Լեռնային Ղարաբաղի ընտրություններն անցել են ժողովրդավարական պետության լավագույն ավանդույթներին համապատասխան»,- նկատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա պատմել է, որ ընտրությունների ընթացքում եղել է մի շարք ընտրատեղամասերում, իսկ ավելի ուշ ներկա է գտնվել ձայների հաշվմանը և «որևէ խախտում կամ լարվածություն չի նկատել»:

Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը լրագրողներին ասել է, որ «տպավորված է ԼՂՀ-ում անցկացված ընտրություններով» և դրանք իսկապես ժողովրդավարական է որակել:

«Սակայն Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ միայն ընտրություններով է որոշվում. ԼՂ-ն չի կարող միայնակ հասնել միջազգային ճանաչման. անհրաժեշտ են բանակցություններ, հատկապես՝ Ադրբեջանի հետ»,- ասել է գերմանացի խորհրդարանականը:

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հայտարարությունները՝ ԼՂՀ-ում ընտրությունները չճանաչելու մասին, «ավանդույթ են դարձել»:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էլ դիտորդների խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Հանրապետության իշխանությունները չեն անտեսում միջազգային հանրությանը, սակայան «ընտրություններն անցկացվում են նախևառաջ Ղարաբաղի ժողովրդի և ոչ թե միջազգային հանրության համար»:

Ընտրատեղամասերի փակումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ չճանաչումը չպետք է խոչընդոտի երկրի զարգացմանը:

***

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքում 5%-ի շեմը հաղթահարել են հետևյալ կուսակցությունները.

«Ազատ հայրենիք»՝ 47,5%,

Արցախի ժողովրդավարական կուսակցություն՝ 19,1%,

ՀՅԴ՝ 18,81%,

«Շարժում 88»՝ 6,93%,

«Ազգային վերածնունդ»՝ 5,38%:

33-հոգանոց խորհրդարանում ուժերի դասավորությունը պարզ կլինի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70.6 տոկոսը (72 հազ. 39 մարդ)։

Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակությունը հայտարարել է, որ ԼՂՀ-ում մայիսի 3-ի ընտրական գործըթնացը համապատասխանել է միջազգային չափանիշներին:

Մեկնաբանել