Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը` մեկ ժամից

IMG_20150505_165235ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում մայիսի 5-ին շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական քննությունը: Վերաքննիչ բողոքներով պահանջվում է խստացնել դերասանի պատիժը:

Նախորդ դատական նիստին տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությամբ նիստն ընդհատվել էր, և Վարդան Պետրոսյանը հնարավորություն չէր ունեցել բողոքների վերաբերյալ կարծիք հայտնել: ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` այսօրվա նիստին դերասանը խոսեց 2013թ. տեղի ունեցած վթարից հետո իր դրության մասին` նշելով, որ իրեն ձերբակալել են անկողնային ծանր վիճակում այն դեպքում, երբ որևէ բան չի նախանշել իր փախուստը: Նա անդրադարձավ նաև տուժող կողմին ցուցաբերված օգնությանը` վերահաստատելով, որ ինքը մշտապես պատրաստ է եղել հաշտության, սակայն տուժողները չեն ցանկացել հաշտվել:

Դատական նախորդ նիստին մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը, ներկայացնելով իր վերաքննիչ բողոքը, միջնորդել էր խստացնել Պետրոսյանի պատիժը` հինգ տարվա ազատազրկումը դարձնելով վեց տարի` պնդելով, թե այդ ժամանակն ավելի կնպաստի ամբաստանյալի ուղղվելուն: Դերասանն այսօր հռետորական հարց բարձրացրեց` արդյոք հենց այդ վերջին մեկ տարո՞ւմ ինքը պետք է ուղղվի: «Մարդիկ մեր բանտերում ոչ թե ուղղվում, այլ հանցագործ են դառնում»,- ասաց նա:

Դատարանն ավարտեց վերաքննիչ բողոքների քննությունը և անցավ խորհրդակցական սենյակ: Շուրջ մեկ ժամից կհրապարակվի բողոքների վերաբերյալ որոշումը:

Վարդան Պետրոսյանի ելույթի ամբողջական տաբերակը քիչ անց կարող եք դիտել ՍիվիլՆեթի եթերում:

***

Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմի քաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն. դրամի փոխհատուցում (որից 10 մլն 165 հազ. 213 դրամը` տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, ինչպես նաև առողջության վերջնական վերականգնման, նաև երկու տարվա ընթացքում նրա տրանսպորտային միջոցների ծախսի հատուցման ու փաստաբանական ծառայությունների համար), թողնվեց առանց քննության։

Վերաքննիչ ներկայացված բողոքով դատախազ Արթուր Սարգսյանը պահանջում է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: Իսկ տուժող կողմը պահանջում է Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Մեկնաբանել