ՀՀԿ-ի թիրախում՝ խոպանչիները

Կառավարությունն ուզում է հարկել արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիներին։ Մատը մատին չխփած, որ այդ մարդիկ այստեղ աշխատանք գտնեն, ուզում են դրսում նրանց աշխատած փողն ուտել։ Մարդ արդեն չգիտի, թե էլ ինչպես սրանց հասկացնի՝ տղերք, ձեզնից են փախչում։ Դուք դժվա՞ր եք հասկանում։ Էս մարդիկ ձեր անզորությունից են տրտինգ տված հեռանում, ձեր գոյության դաշտում իրենց իսպառ բացակայությունից։ Հիմա դուք մեր քաղաքացիներին ուզում եք ասել՝ մեզնից պրծում չունե՞ք։ Ձեր դաժանությունը և փողի հանդեպ ագահության անկառավարելիությունը հասկանալի է՝ պետությունն այստեղ կապ չունի։ Բայց ձեր մեջ կա՞ գոնե մեկը, որը պատկերացնում է Շահութահարկի և եկամտահարկի օրենքում ձեր արած փոփոխությունների ամբողջ հրեշավորությունը։ Չկա։ Որովհետև դուք նրանց փախուստը ձևակերպել եք «արտագնա աշխատանք» քնքուշ բառերով։ Իսկ իրենք եթե իմանան, որ դրսում էլ ձեզնից պրծում չունեն, քաղաքացիությունից կհրաժարվեն։ Իրենք դրսում հիմա գոնե ձեր ենթադրյալ «էլեկտորատն» են, դուք ընտրություններ կեղծելով հենց «արտագնա աշխատանքի» մեկնողների ձայնն եք կեղծում։ Թե՞ հաջորդ քայլը Հայաստանում միապետություն հռչակելն է, երբ որևէ ընտրության կարիք չկա։

Դուք փող եք մուրում ձեր «սիրասուն» զավակներից՝ հավանաբար ոգևորվելով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ընթացքում մեր ժողովրդի կրծքին, մեքենաներին, վերելակներում և այլուր «թափառող» անմոռուկների «համախմբվածությունից»։ Ձեզ թվացել է, տղերք։ Էդ անմոռուկները նույնքան պարտադրված էին, որքան դուք եք ձեզ պարտադրել էս երկրին։ Փոխնախարար Վախթանգ Միրումյանն ուղղակի ծիծաղում է «խոպանչիների» վրա՝ արտերկրում աշխատողներին Հայաստանում հարկելու համար հատուկ կազմակերպություններ են բացվելու։ Սա նույնն է, որ հայտարարես՝ հանցանքների թիվը մեծացնելու համար նոր հանցագործներ ենք «բուծելու»։ Շատ հանրապետական խոստովանություն է։ Դուք ուզում եք, որ այդ մարդիկ տիեզե՞րքը լքեն, որպեսզի իրենց գոյությունն իսպառ մոռանաք։ Մեղք են էդ մարդիկ։ Երբ նրանք հեռանում են արտագնա աշխատանքի, դեռ հայրենասեր լինելու տեղ ունեն, դեռ Հայրենիք վերադառնալու հույս ունեն, ուղղակի սպասում են ոտքի կանգնեն։ Ձեզ ոչ ոք չի՞ ասել՝ հարկվում է այն աշխատանքը, որում պետություն կա։ Այսինքն, պետությունը չի խանգարում, որպեսզի այդ մարդիկ գործունեություն ծավալեն։ Դուք արդեն խանգարել եք նրանց։ Եթե չեք խանգարել, չեք էլ օգնել։ Դուք նստած եք Հայաստանի յուրաքանչյուր անանմոռուկ քաղաքացու շնչին, որը ուզում է ապրել առանց իր գոյությունը հռչակելու։ Ավելին, պետությունը, որտեղ նրանք պատրաստվում են ոտքի կանգնել, հիմա ավելի է «հայրենիքոտ», քան՝ Հայաստանը։ Որովհետև Հայաստանը ձեր դեմքն ունի, որտեղ հայ լինելը ոչինչ չի նշանակում։ Այդ մարդիկ ողբերգություն ողբերգության հետևից են շալակել, գուցե փախել են ոչ միայն երկրից, այլև մի խոշոր պարտատուից։

Հիմա պատկերացրեք նաիրիտցուն։ Նա գնացել է արտագնա աշխատանքի։ Հանկարծ Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչը ներկայանում է Իրկուտսկ և նրան ասում՝ եղբայր, դու հարկերդ վճարե՞լ ես Հայաստանի բյուջե։ Պատկերացնու՞մ եք նրա արձագանքը։ Ի՞նչ կասի նա, եթե հանկարծ որոշի ձեռքին եկածը չտալ Հովիկ Աբրահամյանի ներկայացուցչի գլխով։ Կասի, որ ձեզ նման հանցագործներից է փախել, որպեսզի հանցագործ չդառնա, կասի, որ Ռուսաստան է եկել, որ օրերով կառավարության մոտ կանգնած աշխատավարձ չպահանջի, կասի, որ չի ուզում կապ ունենալ մի երկրի հետ, որի ղեկավարն ասում է՝ խի էդ փողերն իմ գրպանու՞մ են, որ հանեմ տամ։ Մի խոսքով, կասի՝ ընկեր, դեռ ուրախ եղիր, որ հայրենասեր չեմ, եթե հայրենասեր լինեի, դու հաստատ Իրկուտսկից ողջ առողջ չէիր վերադառնա։ Որովհետև սիրել այս երկիրը ու տեսնել, թե ինչ է արել Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ-ն նրա հետ, հանցագործ լինելը դեռ ամենատանելի «քաղաքացիական պարտավորությունն» է։ Դուք չհասկացաք իշխանափոխության առավելությունները և ինքնամոռաց կրելով անմոռուկների ոչինչ չպարտավորեցնող կրծքանշանը, կարծեցիք, թե Հայաստանում այլևս կամք չկա, բոլորը կամազուրկ են, ու նրանց հետ ինչ ուզենաք, որտեղ ուզենաք, կանեք։ Եվ դեռ պարզ չէ՝ ենթադրենք Ռուսաստանում բացեցիք հարկահավաքի էդ գրասենյակը, ու հարկեցիք ՀՀ քաղաքացիներին «Վլադիմիր Պուտինի բարձր հովանու ներքո», բա եվրոպաներում ու ամերիկաներու՞մ դա ոնց եք անելու։

Դուք ընդհանրապես որպես քաղաքական ձայն գոյություն ունե՞ք նրանց համար։ Ձեր հարկահավաքությունը ներգա՞ղթ է խթանելու։ Ոչ։ Կոռուպցիա՞ է պակասեցնելու։ Ոչ։ Հրանուշ Հակոբյանի «հռչակավոր» կոչի իրականացմա՞նն է նպաստելու։ Ոչ։ ՀՀԿ 17-ամյա իշխանությունն առաջին օրից մինչև այսօր ցույց է տվել, որ փողը քաղաքացուն և պետությանը վերաբերող բան չէ, փողը վերաբերում է միայն ՀՀԿ-ի իշխանության պահպանմանը։ Եվ ընդհանրապես, և հիմա, դուք անուղղակիորեն եք խոստովանում, որ Հայաստանում քերթելու ենթակա մարդ չի մնացել՝ դուք եք (Աշոտ Աղաբաբյանը՝ վկա), ոստիկանները, ու մյուսները, որոնք արդեն ձեզնից քիչ են։ Եվ, ուրեմն, եթե ուզում եք սահմանափակվել Աշոտ Աղաբաբյանով ու «Կիլիկիայի» Հակոբ Հակոբյանով, ուրեմն վայը տարել է մեր արտագնա աշխատողներին։

Մեկնաբանել