ՄԻԵԴ որոշումը չի կարող ազդել ԼՂ բանակցային գործընթացի վրա. Նալբանդյան

g_imageՉիրագովի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումը վերաբերում է անհատական դատական գործի, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի` Չիրագովի հայցով ՄԻԵԴ-ում կայացված որոշման մասին ադրբեջանական մեկնաբանությունների վերաբերյալ հարցին:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում, կամ հովանու տակ, կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ»,- ասել է Նալբանդյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ կարգավորման ջանքերին։

«Փախստականների և տեղահանված անձանց վերադարձի իրավունքի հետ կապված հարցերը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս են կազմում, դրանք կարող են լուծում ստանալ հիմնախնդրի համապարփակ կարգավորման արդյունքում։ Այս մասին նշվում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հայտնի հայտարարություններում»,- ասել է Նալբանդյանը։

***

ՄԻԵԴ Մեծ պալատը հունիսի 16-ին հրապարակեց «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով որոշումները։ Գործերն առնչվում են ղարաբաղյան հակամարտության հետևանքով հայ և ադրբեջանցի փախստականների և տեղահանվածների խնդրին:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը գտել էր, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված երեք հոդվածների խախտում՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), սեփականության պաշտպանության իրավունքի (հոդված 1) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրավունքի (հոդված 13)։ Նույն իրավունքների խախտումները դատարանը գտել էր նաև «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով։

Ադրբեջանի արտգործնախարարությունը ողջունել էր ՄԻԵԴ որոշումը` հայտարարելով, որ այն «վերջ դրեց Հայաստանի ժխտողականությանը՝ կապված Ադրբեջանի տարածքների ապօրինի բռնազավթմանը առնչություն և Ադրբեջանի տարածքում ռազմական ներկայություն ունենալու հետ»:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերին ՍիվիլՆեթի առավել մանրամասն անդրադարձին ծանոթացեք այստեղ։

Մեկնաբանել