985 մլն դրամ` կառավարության նոր մասնաշենքի կահավորմանը

0Կառավարության նոր մասնաշենքի կահավորման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 985 մլն դրամ. համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն է տվել հունիսի 18-ի նիստին:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նիստին նշել է, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը գումարն արդեն փոխանցել է պետբյուջե:

Կառավարական նոր մասնաշենքը, որը կառուցվում է Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում` արդարադատության նախարարության հրդեհված նախկին շենքի տեղում, շահագործման է հանձնվելու այս տարվա նոյեմբերին:

Շենքի շինարարության ավարտն ի սկզբանե նախատեսված էր 2016թ. փետրվար-մարտին: Սակայն Նարեկ Սարգսյանը կառավարության հունիսի 4-ի նիստին ասել էր, որ «իրենք ժամկետից առաջ են ընկել»: Նա նշել էր, որ սեպտեմբերին կավարտվի շենքի շինարարությունը, որին կհաջորդեն գույքի համալրման աշխատանքները:

Կառավարության նոր մասնաշենքում տեղակայվելու են արտաքին գործերի, էներգետիկայի և բնական պաշարների ու մի քանի այլ նախարարություններ:

Մեկնաբանել