Հովիկ Աբրահամյանի անհեթեթ որոշումը

hovik abrahamyanԲաղրամյան փողոցը առանձնահատուկ է նրանով, որ իշխանության երեք ճյուղերի` օրենսդիր, գործադիր, դատական իշխանության դե ֆակտո կենտրոններն այդ փողոցի վրա են: Արդեն չորրորդ օրն է, ինչ իշխանության նոր կենտրոն է ձևավորվել Բաղրամյան փողոցի սկզբնամասում, որի անունն է ժողովրդի իշխանություն:

Բաղրամյանի սկզբնամասը յուրահատուկ իշխանության կենտրոն է դարձել, որի հետ ցանկություն է հայտնել բանակցել Սերժ Սարգսյանը: Սարգսյանի բանակցելու երկու փորձն էլ ձախողվել է՝ պայմանավորված նրա հանդեպ ունեցած քաղաքացիների անվստահությամբ:

Շարժումը ամբողջովին քաղաքական գործընթաց է, սակայն որոշ մարդիկ փորձում են ներկայացնել, որ դա քաղաքական պայքար չէ: Քաղականության ցանկացած սահմանման շրջանակներում էլ այդ պայքարը քաղաքական է, և նրանք, ովքեր փոձում են դա ներկայացնել որպես ոչ քաղաքական, անտեղյակի տպավորություն են թողնում:

Բացի վստահության հարցը՝ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու որևիցե իմաստ չկա, որովհետև եթե Սարգսյանը բանակցային սեղանին նստելուց առաջ ունի ուժ կիրառելու հնարավորություն, որն արդեն մեկ անգամ կիրառել է, ապա բանակցելու իմաստ չկա: Բանակցել կարելի է, եթե կա հնարավորություն կա ինչ-որ բան պարտադրել:

Հունիսի 25-ին կառավարությունը որոշել է հոսանքի թանկացումը փոխհատուցել՝ 105 հազար ընտանիքների տարեկան հավելյալ վճարելով 24 հազարական դրամ սոցիալական նպաստ:

Իրականում կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, շատ սխալ է ընկալել Բաղրամյան փողոցի պայքարի բնույթը: Իրականում դա սոցիալական բունտ չէ, որպեսզի կառավարությունը կարողանա նման ձևով խաբել ժողովրդին ու տուն ուղարկել:

Շարժման մասնակիցներից շատ շատերը հնարավորություն ունեն այդ գումարը մուծելու, և պայքարում նրանց ներդրած ժամանակը հոսանքից ավելի թանկ է նստում, սակայն նրանք Մասլոուի բուրգի այլ հատվածում են գտնվում, դրա համար այլ պահանջներ ունեն: Քաղաքացիները հստակ չեն ցանկանում վճարել այդ գումարը, որովհետև դա ընկալում են որպես թալան:

Քաղաքացիները պահանջում են չթանկացնել հոսանքը, իսկ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ կսուբսիդավորի հոսանքի թանկացումը 105 հազար ընտանիքի համար: Դա նշանակում է, որ կրկին պայքարող քաղաքացին ավելի շատ հարկ պետք է վճարի, որպեսզի կառավարությունը կարողանա սուբսիդավորել այդ ընտանիքներին: Հետաքրքիր է, որ Հայաստանում աղքատների ու անապահովների թիվը վերջին 7-8 տարիներին աճել է, և ներկայիս իշխանությունը իր ապաշնորհ լինելու խնդրի բացասական արդյունքները ևս ցանկանում է բարդել բարեխիղճ քաղաքացու վրա:

Խնդիրը լուծելու փոխարեն Հովիկ Աբրահամյանը ավելի վատ բան է անում՝ մի կողմից թանկացումը սուբսիդավորում է, որն էլի վճարելու են պայքարող քաղաքացիները, մյուս կողմից ՀԷՑ-ին մեսիջ է ուղարկում, որ նրանք շարունակեն անարդյունավետ կառավարումը, իսկ կառավարությունը՝ կշարունակի քաղաքացիներին պարտադրել վճարեն: Դա նշանակում է, որ քաղաքացիներն ավելի մեծ շահագրգռվածություն կունենան պայքարել, և ավելի շատ մարդ կգնա Բաղրամյան փողոց:

Հասկանալի է, որ Հայաստանի նման ավտորիտար համակարգում բոլոր կարևոր որոշումները կայացնում է Սերժ Սարգսյանը: Եվ փաստացի նա ունենալով սուբսիդավորման որոշում՝ փորձում էր բանակցել քաղաքացիների հետ: Միևնույն ժամանակ նա թողել է երկիրը ու գնացել Բրյուսել, և դրա մասին իրազեկման հայտարարումը թողել Աբրահամյանի վրա:

Իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ցույց է տալիս, որ չի ցանկանում հաշվի առնել քաղաքացիների պահանջը, իսկ նման վարքագիծը փոխելու միակ տարբերակը ավելի շատ մարդ փողոցում հայտնվելն է, որի արդյունքում ոչ միայն նոր պահանջներ կձևավորվեն, այլև հնարավոր կլինի պարտադրել կատարել հասարակության պահանջները:

Մեկնաբանել