Հունիսի 29-ի զարգացումները՝ ուղիղ. թարմացվող

ՍիվիլՆեթը հունիսի 29ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակվող ցույցը ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ: Ցույցերը կարող եք դիտել նաև ՈՒՂԻՂ տեսահեռարձակմամբ:

23:30

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Հունիսի 27-ին, բողոքի զանգվածային միջոցառումների 9-րդ օրը, Սերժ Սարգսյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա դեմ ընդվզած քաղաքացիների բողոքի խաղաղ նստացույցին:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի 6.93 դրամի բարձրացման բեռը, մինչև նախատեսվելիք միջազգային աուդիտը գնահատական կտա սակագնի բարձրացման հիմնավորվածության վերաբերյալ, իսկ սակագնի բարձրացման ծախսերը առայժմ կփոխհատուցվեն բյուջեի` անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

  1. Բյուջեի կամ պետական վարկերի միջոցներից 6.93 դրամի փոխհատուցումը միևնույն է կատարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը քաղաքացիներին հայտնում է, որ նրանք կշարունակեն վճարել այդ գումարը, միայն թե ոչ ուղիղ, այլ` պետությանը մուծած հարկերի և տուրքերի տեսքով: Այսինքն, ժողովրդի մի գրպանի փոխարեն ծախսը կկատարվի մյուս գրպանից:
  2. Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ և տրվում է գնահատական: Մասնավորապես, վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst and Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն: Հետևաբար, արդեն ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է վատ մենեջմենթով և վատնումներով և այժմ խոսք կարող էր լինել միայն այսպես կոչված խարդախությունների հայտնաբերման աուդիտի (fraud audit) մասին, սակայն Սարգսյանը խնամքով շրջանցում է սույն խնդիրը: Ավելին, Սարգսյանը ըստ էության կանխորոշում է աուդիտի արդյունքը` նշելով, որ սակագնի բարձրացումը արդարացված է:
  3. Սարգսյանի ելույթում ակնարկ անգամ չկա, որ ներկա անընդունելի վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ պետական կառավարման և իրավապահ մարմինները ոչինչ չեն արել մոնոպոլիստ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կատարված վատնումները և չարաշահումները հայտնաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը վկայում է, որ թալանը հովանավորվում է հենց բարձրագույն իշխանության կողմից: Այլապես, իրավիճակի առողջացման լավագույն միջոց կդիտարկվեր դատախազության կողմից կոռուպցիոն այդ երևույթների քննության իրականացումը:
  4. Սերժ Սարգսյանի շեշտումը, որ փոխհատուցումն արվելու է ի հաշիվ անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցների, ոչ այլ ինչ է, եթե ոչ էժանագին շանտաժ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի նպատակն է նման կասկածելի լուծման պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա:
  5. Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է`առայժմ ժամանակ շահել և հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետև սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը:

Հետևաբար, իր առաջարկած «լուծումներ»-ով Սերժ Սարգսյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը, քողարկել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն դրսևորումները, դրանցում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությունն ու հովանավորությունը:

Ուստի Հայ Ազգային Կոնգրեսը կրկին իր համերաշխությունն է հայտնում խնդրին ամբողջական և հանրությանը բավարարող լուծում տալու պահանջով խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիներին:

23:10

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացնում է, որ ժամը 23:00-ից հետո պետք է լռություն պահպանել՝ հետևելով համակեցության կանոններին: Բարձրախոսով դիմում է հավաքվածներին՝ ասելով, որ պետք է հետևեն կանոններին, ոստիկանությունն էլ իրենց մի մասն է:

23:05

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում վանկարկում են և երգում:

22:50

Ազատության հրապարակում մի քանի տասնյակ մարդ կա:

22:32

Հունիսի 23-ին ոստիկանների կողմից լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ հայց է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ոստիկանները պետք է իմանան՝ լրագրողների և քաղաքացիների դեմ բռնի գործողություններ իրականացնելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյան

22:27

ՍիվիլՆեթի լրագրող Արտակ Համբարձումյանն ասում է՝ երեկվա համեմատ մարդկանց թիվը զգալիորեն պակասել է:

22:10

Հավաքվածներին դիմում է ցուցարարներից մեկը: Ասում է՝ այստեղ չկան թշնամիներ կամ վանդալային կեցվածքով մարդիկ: «Ոստիկանությունը նույնպես մեր մի մասնիկն է»: Հորդորում է երկրի ղեկավարությանն ու պաշտոնյաներին ՍԹԱՓՎԵԼ: Ասում է. «Այսօր մեր ազգը պարտավոր չէ կրել այն մտրակի հարվածները, որոնք հասցվում են տարբեր կողմերից»: Դիմում է նաև Սփյուռքին, խնդրում է միանալ հայաստանյան շարժմանը:

22:05

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զրուցում է ցուցարարների հետ՝ ասելով, թե խախտում են համակեցության կանոնները: Նրանք չեն ընդունում այդ պնդումները:

21:57

Ելույթ է ունենում ցուցարարներից մեկը, նա ասում է՝ «Մեզ պետք է լիարժեք չեղարկում»: Մարդիկ ողջունում են այդ հայտարարությունը:

21:55

Ցուցարարներն ասում են, որ պետք է կենտրոնանալ մեկ վայրում, չբաժանվել մասերի՝ արդյունքի հասնելու համար: Շատերը բողոքում են լրատվամիջոցների աշխատանքից՝ Բաղրամյանում հավաքվածների քանակի մասին կեղծ լրատվություն տարածելու համար:

21:45

Ցուցարարները ՍիվիլՆեթի հետ զրույցում կիսում են իրենց մտահոգությունները: Տարեցները գովեստի խոսքեր են հնչեցնում երիտասարդության հասցեին, որը պայքարում է ապագայի համար: Շատերը կրկին եկել են երեխաների հետ: Բաղրամյանը բազմամարդ է դառնում:

21:30

Բաղրամյանում նախաձեռնող խմբի անդամներից մեկը բարձրախոսով հորդորեց հետագա պայքարի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել՝ 15-20 րոպեի ընթացքում հավաքվածներից ընտրել նրանց, ովքեր կմոտենան բարձրախոսին և կբարձրաձայնեն այդ առաջարկները:

20:47

Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ քանի որ երեկ նախաձեռնող խմբի շրջանակում լիակատար համաձայնություն չեղավ, անհրաժեշտ է վերանայել պայքարի տրամաբանությունը: Նա ասաց, որ իրենց պահանջները չեն փոխվել` չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումը, ձեռնարկել գործողություններ` էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու նպատակով, պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ի բռնության պատասխանատուներին: Այնուհետև նա դիմեց նստացույցի մասնակիցներին` հորդորելով ներկայացնել առաջարկներ պայքարի հետագա ընթացքի վերաբերյալ:

20:20

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայի ցուցարարներին թույլ չտվեց բարձրախոս տեղադրել:

20:00

Ազատության հրապարակի անկյունում փոքր հավաք է՝ Բաղրամյան պողոտայի հավաքին զուգահեռ: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց, որ պետք չէ` Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում հավաքվածներն իրար մեղադրեն:

19:55

Դերասանուհի և հասարակական գործիչ Արսինե Խանջյանը Բաղրամյան պողոտայում է: Նա ասում է՝ սա մայդան չէ, այստեղ ուրիշի շահեր չկան, այստեղ մեր ժողովրդի շահերն են. «Իշխանության պարտականությունն է ապահովել ժողովրդի բարեկեցությունը, ոչ թե նրան թողնել ապիկարության մեջ»:

19:13

Ցուցարարներից մեկը հայտարարություն արեց, նա ասաց, որ իրենք ունեն երեք խնդիր` կազմակերպչական, անվտանգության և բաց հարթակ ձևավորելու: Նա հիշեցրերց ցուցարարներին իրենց երեք պահանջները` չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը, ձեեռնարկել գործողություններ` էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու նպատակով, պատասխանատվության ենթարկել թալանի և հունիսի 23-ի բռնության մեղավորներին:

Բաց հարթակի ձևավորման տեսանկյունից առաջարկվեց, որ յուրաքանչյուր մարդ, որ ցանկանում է խոսել այդ երեք պահանջների վերաբերյալ, կարող է գրանցվել և խոսել 3 րոպե: Բացի այդ` սահմանվեց կարգապահական գիծ` ցուցարարներին բարիկադներից բաժանող հատվածը, որը ցուցարարները պետք է չանցնեն:

18:55

Միջազգայնագետ Վահե Գևորգյանն ասում է, որ քաղաքական կուսակցություններն այնքան են իջեցրել իրենց նիշը, որ նրանց փոխարինելու են փորձում գալ քաղաքացիական շարժումները: Նա ընդգծում է, որ Բաղրամյան պողոտայում անկախության սերնդի հավաքն է, որին խորթ է առաջ գնալու «կարենավագյանական», «շարմազանովէդիկյան» ճանապարհը:

18:25

Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա Սահմանադրական դատարանի դիմաց է և խորհրդակցում է ոստիկանների հետ:

18:15

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորեց հետ վերադարձնել Երևանի աղբահանությամբ զբաղվող Sanitek ընկերության աղբամանները: Լրագրողի այն հարցին, որ եթե այդ աղբամանները հանվեն, կհամաձայնի ոստիկանությունը, որ ցուցարարները դրանց փոխարեն տեղադրեն որևէ այլ առարկա, Օսիպյանը պատասխանեց, որ չի թույլատրի: Օսիպյանը ցուցարարներին հիշեցրեց, որ Sanitek-ի ներկայացուցչի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս), և այդ գործի շրջանակում որոշվել է առգրավել Sanitek-ին պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:

Ի պատասխան ցուցարարներից մեկի հարցին, թե որն է երաշխիքը, որ եթե հանվեն աղբամանները, ապա ոստիկանությունը չի դիմի բռնի գործողությունների, փոխոստիկանապետն ասաց, որ այդ աղբամաններն իրենց համար խոչընդոտ չեն. եթե ոստիկանությունը ցանկանար վերականգնել հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում, կվերականգներ:

Այսօր` ավելի վաղ, Վալերի Օսիպյանն ասել էր, որ ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկելու, սպասելու է այնքան, մինչև ցուցարարներն իրենք հեռանան: Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունը միջոցներ չի ձեռնարկելու աղբամանները հեռացնելու համար, նա ասել էր, որ ցուցարարներն իրենք դրանք կհեռացնեն:

17:45

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում: Այդ նպատակով հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ եմ անում, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:

Հայտնի է, որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքն, իր հերթին, լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության, եթե ունի խաղաղ բնույթ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ գործերով կայացված իր վճիռներով մշտապես արձանագրել է, որ ցանկացած մեծամասշտաբ հավաք հասարակական վայրում ախուսափելիորեն անհարմարություն է պատճառում բնակչությանը: Թեև ցույցը հասարակական վայրում կարող է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդ թվում՝ երթևեկության խաթարում, սակայն, շատ կարևոր է, որպեսզի պետական մարմինները ցուցաբերեն որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի չիմաստազրկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքների ազատության իրավունքը (Galstyan, §§ 116-117, Bukta and Others, § 37): Ընդ որում, հանդուրժողականության պահանջվող աստիճանը չի կարող որոշվել վերացական եղանակով: Դատարանը պետք է գնահատի կոնկրետ գործի հանգամանքները և հատկապես, առօրյա կյանքի խաթարման աստիճանը ( Primov and Others v. Russia):

Ընդհանրապես, այն հարցը, թե որ պահից հավաքն այլևս չի կարող համարվել ժամանակավոր բնույթ ունեցող, պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքներից ելնելով: Հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է ցուցարարների համար` իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման մեջ: Եթե հավաքը մեծ անհարմարություն չի պատճառում այլ անձանց, ապա իշխանությունները պետք է համապատասխանաբար` հավաքի ժամանակավոր լինելու պայմանը գնահատելիս առաջադրեն առավել մեղմ պահանջներ:

Պետք է նշել նաև, որ պետությունը կարող է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավաչափ սահմանափակումներ կիրառել հավաքների ազատության իրավունքի իրականացման նկատմամբ: Հասարակական վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները կարող են ծառայել այլ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ անկարգությունները կանխելու և երթևեկության կանոնակարգված ընթացքը ապահովելու նպատակով (Éva Molnár v. Hungary):

Ինչ վերաբերում է փողոցների արգելափակմանը՝ որպես բողոքի մարտավարություն, դա կարող է որոշակի հանգամանքների պարագայում սահմանափակվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (Lucas v. UK): Cisse v. France գործով, Փարիզում երկու ամիս շարունակ եկեղեցում գտնվող 200 ապօրինի ներգաղթած անձանց դուրսբերումը եկեղեցուց ճանաչվել է որպես միջամտություն դիմողի հավաքների ազատության իրավունքին (թեև արդարացվել է հանրային առողջության սկզբունքի հիման վրա):

Çiloğlu and Others v. Turkey գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ միջնակարգ դպրոցի մոտ ամենշաբաթյա (յուրաքանչյուր շաբաթ, շաբաթ օրերին առավոտյան երեք տարուց ավելի ժամանակահատվածում) անօրինական գործադուլները, որոնցում ներգրավված էին մոտ 60 անձ, վերածվել էին գրեթե մշտական բնույթ ունեցող իրադարձության, ինչը խոչընդոտում էր տրանսպորտի երթևեկությունը, խախտում էր հասարակական կարգը և անդորրը: Նախորդող ցույցերի տևողությունն ու քանակը հաշվի առնելով՝ ցույցի ցրումը չէր դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:Éva Molnár v. Hungary գործով կայացված վճռով կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Ոստիկանությունը ցուցաբերել է անհրաժեշտ հանդուրժողականություն, թեեւ ցույցի անցկացման վերաբերյալ նախապես տեղեկացված չի եղել: Դատարանի գնահատմամբ, սակայն, ցույցն անխուսափելիորեն խաթարել էր տրանսպորտի երթևեկությունը և հասարակական կարգի որոշակի խանգարման հանգեցրել:

Հաշվի առնելով բոլոր վերոգրյալ սկզբունքները և չափորոշիչները, հավաքների ազատության հիմնարար իրավունքի ապահովման կարևորությունը, ինչպես նաև Ոստիկանության կողմից կամայականության արգելքի, համաչափության և վարչարարության այլ սկզբունքների պահպանման կարևորությունը՝ կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն, հավաքի առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետևողական և իրավաչափ փաստարկներով՝ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ ապահովելով միատեսակ մոտեցում, հայեցողական լիազորություն իրականացնելիս առաջին հերթին առաջնորդվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:

Ուզում եմ նշել, որ ցուցարարների կողմից «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Հիշեցնեմ, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչեւ հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ մեր որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:

15:50

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ «ռեժիմը սաստկացրել է հալածանքը նախաձեռնության քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ»:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հասարակական ակտիվության վերջին օրերին ռեժիմը նոր թափ է հաղորդել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հալածանքին:

Այդ նպատակով գործի են դրվել տեղեկատվական և վարչական բոլոր լծակները՝ Ժ. Սեֆիլյանին անհայտ մեղքեր վերագրելու և նրա կերպարը հրեշացնելու համար:

Մասնավորապես՝ հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր, և կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ ապօրինի և ուժային եղանակով բռնություն կկիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության ղեկավարները և ռեժիմին ենթակա քարոզչամեքենան լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում և առանձին անհատների միջոցով լուրեր էին տարածում, որ Ժ. Սեֆիլյանը սադրիչ է, և նա է կազմակերպել Բաղրամյանի հավաքը քաղաքական շահաբաժին ստանալու համար: Եվ այդ ամենն արվում էր այն նպատակով, որպեսզի ոստիկանության բռնությունների հավանական զոհերի համար մարդիկ մեղադրեին Ժ. Սեֆիլյանին:

Բացի այդ՝ վերջին շրջանում ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ ավտոմեքենաներով և հետիոտն ամենուրեք հետևում են Ժ. Սեֆիլյանին, նրա տեղաշարժի մասին զեկուցում հեռախոսներով, իսկ երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մի քանի ավտոմեքենաներով հետապնդել են նրան և ամբողջ գիշեր հերթապահել նրա բնակարանի շրջակայքում»,- ասված է ՀԽ քարտուղարության հաղորդագրությունում:

9:25

Ցուցարարներն ասում են, որ պատրաստ են զիջել աղբամանները, եթե ոստիկանությունը հեռացնի իր տեխնիկան:

9:15

Երևանի աղբահանությամբ զբաղվող Sanitek ընկերության բեռնատարներն այժմ Բաղրամյան պողոտայում են` վերադարձնելու աղբամանները: Ցուցարարները փորձում են խոչընդոտել:

9:05

Ոստիկանությունը հայտարարեց, որ գույքի առգրավման աշխատանքներ կիրականացնի Բաղրամյան պողոտայում, մասնավորապես` կառգրավվեն որպես բարիկադ ծառայող աղբամանները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս). քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել Sanitek ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:

8:10

Կրկին Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

7:15

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է: Գիշերն անցավ առանց միջադեպերի: Մարդկանց թիվը փոքր է` համեմատ գիշերվա:

Ամփոփ

Հունիսի 27-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ համոզված է՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: «Ուստի, մինչև [ՀԷՑ-ում աուդիտի] եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը մեկնարկեցին հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

ՍիվիլՆեթը տեքստային ուղիղ ռեժիմով լուսաբանել է զարգացումները հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 27-ին, 28-ին:

Էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով ՍիվիլՆեթի բոլոր նյութերը հասանելի են #ElectricYerevan հատուկ բաժնում:

Մեկնաբանել