«Ոչ թալանին»-ը վերադառնում է Բաղրամյան

UntitledՄենք մեր թիմով, համակարգող խմբով գնալու ենք Բաղրամյան, կանգնելու ենք ժողովրդի կողքին, մենք փորձելու ենք միասին լուծումներ գտնել. հունիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Չիբուխչյանը:

Նա նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրենց չի բավարարել, և իրենց ոչ մի պահանջ լիարժեք չի կատարվել, ուստի իրենք շարունակելու են պայքարը` թե´ փողոցում, թե´ իրավական հարթության մեջ: «Մեր պայքարը ընդլայնելու ենք, մինչև հասնենք մեր նպատակին»,- ասաց Արթուր Չիբուխչյանը:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ Բաղրամյանում նստած վիճակը բավականին լճացած վիճակ էր, պետք էր այլ հարթակում արդեն պայքարը սկսել: «Միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնելու»,- ասաց նա:

Համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանն էլ հավելեց, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում աուդիտի անցկացումն իշխանությունների կողմից իմիտացիա լինի, եթե տեղի ունենա խաբեություն, իրենք կփակեն ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլև հնարավոր է` շատ այլ փողոցներ:

Այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի ամդամները Բաղրամյան պողոտայում են և քննարկումներ են իրականացնում գիշերն այնտեղ անցկացրած ցուցարարների հետ:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը հայտարարեց, որ միջոցներ ձեռք կառնի` ցրելու Բաղրամյան պողոտայում մնացողներին, սակայն որևէ գործողության չդիմեց:

Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նստացույցը շարունակվում է մինչ օրս:

Մեկնաբանել